ԱԲԽԱԶԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԻԱՑԵԼ ԵՆ ԱՐՑԱԽԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ

Աբխազիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հանդես են եկել կոչով՝ ղարաբաղյան հակամարտության գոտում շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ:

«Ամբողջ աշխարհը տագնապով եվ մտահոգությամբ հետեվում է ղարաբաղյան հակամարտության գոտուց զինվորականների և խաղաղ բնակիչների մահվան մասին ճնշող լուրերին: Զոհված զինվորների մեծ մասը երիտասարդներ են, որոնք հազիվ 20 տարեկան են:

Մեր օրերում տեղի ունեցող պատերազմում ամենաթանկ մարդկանց կորցրած հայ և ադրբեջանական ընտանիքների ողբերգությունը ստիպում է մեզ վերադառնալ 30 տարի առաջ, երբ հեռանում էր հսկայական խորհրդային կայսրությունը: Ակնհայտ է, որ և ղարաբաղյան, և վրաց-հարավօսական, և վրաց-աբխազական հակամարտությունները Խորհրդային Միության փլուզման անավարտ գործընթացի արդյունք են: Սակայն, չնայած ԽՍՀՄ փլուզմանը, նախկին խորհրդային ժողովուրդների վարկանիշը շարունակում է գործել. Ոմանք արժանի են ազատության և անկախության, իսկ մյուսները՝ ոչ, նույնիսկ եթե նրանք ագրեսիայի զոհ են դարձել:

Ցավոք, հենց այս մոտեցումն է, որը իրականում սահմանափակված է բոլշևիկների ավտոմատացման շրջանակներում, գերակշռում է միջազգային միջնորդության մեջ: Աշխարհի առաջատար երկրները պաշտոնապես ձեռնամուխ են եղել հակամարտությունների լուծմանը` հույս նեշնչելով տարբեր կողմերում տառապող մարդկանց, սակայն իրականում դրանք նպաստում են հակամարտությունների սառեցմանը, քանի որ արյունալի պատերազմներից հետո նախկին ստալինյան սահմաններում «տարածքային ամբողջականությունը» անհնար է վերականգնել։ Հարավային Կովկասում ինքնորոշման իրավունքի ճանաչման միջոցով հակամարտության կարգավորման ուղին մերժվում է՝ չնայած գոյություն ունեցող համաշխարհային նախադեպերին, օրինակ՝ Կոսովոյի:

Այս առումով ցուցաբերված համառությունն իրականում դադարեցնում է ողջ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և համագործակցությանն ուղղված ժամանակակից իրողությունների վրա հիմնված բանական ուղու որոնումը:

Մեր ժամանակների ականավոր իրավապաշտպան Անդրեյ Սախարովը ժամանակին նախազգուշացնում էր «փոքր կայսրությունների» պահպանման վնասակար բնույթի մասին և կոչ էր անում բոլոր խորհրդային հանրապետություններին՝ անկախ նրանց քաղաքական կարգավիճակից, տրամադրել հավասար քաղաքական իրավունքներ՝ իրենց ճակատագիրն իրնքնուրույն որոշելու համար: Սախարովի կառուցողական և արդարացի մոտեցումն անտեսելու արդյունքում պատերազմից փրկված և հսկայական զոհեր տված ժողովուրդները հաճախ մնում են մեկուսացված և հեռացվում են բանակցային գործընթացից:

Ընդ որում, «տարածքային ամբողջականություն» ֆետիշի զոհ են դառնում բոլորը՝ անկախ նրանից, թե հակամարտության որ կողմում են, ուստի նոր իրողությունների հերքումը խոչընդոտում է ոչ միայն չճանաչված և մասնակի ճանաչված հանրապետությունների, այլ նաև միջազգայնորեն ճանաչված երկրների ազատ զարգացմանը:

Այսօր ականատես ենք լինում, թե ինչ ուժով կրկին բռնկվեց Ղարաբաղում պատերազմը, և որքան արագ է տեղի ունենում ռազմական գործողությունների ինտերնացիոնալացումը, հակամարտությանը նոր տարածաշրջանային խաղացողների ներգրավումը, ինչը հղի է աղետի գոտու ընդլայնմամբ: Այդ պայմաններում միջազգային ազդեցության բոլոր միջոցները պետք է ուղղվեն մարտական գործողությունների անհապաղ դադարեցմանը:

Միջազգային հանրությունը միջոցներ և մեխանիզմներ ունի՝ խթանելու խաղաղ գործընթացը:

Հանուն անվերջանալի պատերազմում զոհվող հայերի և ադրբեջանցիների փրկման՝ անհրաժեշտ է անհապաղ սկսել բանակցությունները, որոնց անպայման պետք է մասնակցի Ղարաբաղը: Առանց հակամարտող կողմերի երկխոսության բանակցությունները դառնում են ոչ լիարժեք և անհեռանկարային:

Անթույլատրելի է, որ հակամարտության կողմերից մեկը զրկվի ձայնի իրավունքից: Այդ պատճառով ամբողջ աշխարհում սկսել են հաճախ հնչել Ղարաբաղի անկախությունը ճանաչելու կոչեր: Մենք միանում ենք այդ պահանջներին:

Ընդ որում, մենք հասկանում ենք, որ ճանաչմանը կհետևի բանակցային գործընթացի շրջանակում կուտակված մի շարք վիճելի հարցերի քննարկում: Հարավային Կովկասում հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված բոլոր կողմերը պետք է գիտակցեն խորհրդային Անդրկովկասի ֆանտոմների արհեստական աջակցության իրենց պատասխանատվությունը:

Հանուն կյանքերի, որոնք դեռ կարելի է փրկել, մենք դիմում ենք բոլոր երկրներին և կազմակերպություններին, որոնցից այսօր կախված է Հարավային Կովկասի ժողովուրդների ճակատագիրը: Մենք կոչ ենք անում չխոչընդոտել պատմության բնական ընթացքին՝ հանուն Կովկասում զարգացման ու խաղաղության»:

Դիմումն ուղարկվել է ՄԱԿ-ի ԱԽ, Եվրոպայի խորհուրդ, Եվրախորհրդարան և Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցչություն:

News.am