Սարգսյանը և Բորելը խոսել են Ղարաբաղի մասին

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում նախագահ Սարգսյանը խոսել է Ադրբեջանի կողմից Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի մասին։ Նա մանրամասն անդրադարձել է ադրբեջանական զինուժի կողմից Արցախի բնակավայրերը, խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելուն։

«Հայաստանի նախագահը նշել է, որ այս ամենը տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի և անմիջական ներգրավվածության պայմաններում, որն արտահայտվում է նաև նրա կողմից տարածաշրջան իսլամիստ զինյալ ահաբեկիչների ներմուծմամբ, ինչը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային և միջազգային կայունության ու անվտանգության համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բորելը մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների և ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով կրակը դադարեցնելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու անհրաժեշտությունը, տեղեկացնում է Sputnik Armenia: