Փաշինյան. Հակաահաբեկչական գործողությանը պետք է մասնակցեն այն երկրները, որոնց սպառնում է այս իրավիճակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ահաբեկիչների խնդրի լուծման տարբերակներից մեկը հակաահաբեկչական գործողության իրականացումն է, տեղեկացնում է News.am:

«Ինտերֆաքս»-ի այն հարցին, թե դա իրականացվելու է հայկակա՞ն կողմի ուժերի կողմից, նա նշել է. «Ոչ: Լեռնային Ղարաբաղի ուժերը դա անում են այնքանով, որքանով դա հնարավոր է: Գործնականում, նրանք հիմա պատերազմում են երեք ճակատով. Ադրբեջանի բանակի դեմ, Թուրքիայի բանակի դեմ և ահաբեկիչների դեմ: Բայց ես կարծում եմ, որ այս հարցի հասցեատերը միայն ես չեմ, քանի որ մենք, իհարկե, այդ հակաահաբեկչական գործողություններն ապահովում ենք այնքանով, որքանով դա հնարավոր է: Կարծում եմ, որ այստեղ պետք է խառնվեն երկրներ, որոնց ազգային անվտանգության համար այս իրավիճակն ունի կոնկրետ սպառնալիք»:

Նրա խոսքով՝ առաջին հերթին, իհարկե, դրանք առնչվում են Ռուսաստանի շահերին «Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում նվազագույնը երկու դեպք է եղել, երբ Հյուսիսային Կովկասում իրականացվել են հակաահաբեկչական օպերացիաներ: Եվ Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչներն ասել են, որ այս ահաբեկիչները ժամանել են Սիրիայից: Մինչ այդ Ռուսաստանի արտաքին հետախուզությունը հաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ներկա են ահաբեկիչներ: Եվ այս երկու հայտարարությունները չեն կարող կապված չլինել միմյանց հետ: Հարցը հիմա նրանում է, թե արդյոք ռուսաստանյան ծառայությունները կսպասեն այդ ահաբեկիչների ժամանելուն, թե պետք է իրականացնել կանխարգելիչ քաղաքականութուն: Եթե ահաբեկիչները հաջողություն արձանագրեն Լեռնային Ղարաբաղում, դրանից հետո նրանք գործողությունների նոր պլացդարմ և նոր հարթակներ կփնտրեն: Դա պետք է որոշի Ռուսաստանի Դաշնությունը: Բայց այս հարցի կապակցությամբ մենք խորհրդակցություններ ենք ունեցել ռուսաստանյան գործընկերների հետ և իհարկե մեր տեսակետը հայտնել ենք»։

Այն հարցին, թե կանխարգելիչ գործողությունները կանցկացվեն ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Ադրբեջանի՞ տարածքում, և արդյոք դա կարելի՞ է իր կողմից հրավեր համարել երրորդ ուժին՝ միջամտելու այս հակամարտությանը, Փաշինյանը պատասխանել է «Պետք է հստակեցնել, թե ինչ է նշանակում երրորդ ուժեր, քանի որ մի կողմից՝ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակիցն է: Եվ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության հետ հարաբերություններում հավատարիմ կլինի անվտանգության ոլորտում իր պարտավորություններին: Սա մի հարց է, որը հետագա դիտարկման կարիք ունի: Այստեղ կան շատ նյուանսներ: Ես ասում եմ, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը արդեն վաղուց դուրս է եկել զուտ Լեռնային Ղարաբաղի խնդրի շրջանակից և գործնականում շատ օտարերկրյա գործընկերներ արդեն պաշտոնապես ընդունել, ճանաչել են, հաստատել են դա: Եվ ես կարծում եմ և հույս ունեմ, որ հետագա արձագանքը նույնպես կլինի այդ ոգու մեջ»։