Մնացականյանը` Պոմպեոյին․ Ադրբեջանական ագրեսիան տեղի է ունենում Թուրքիայի ներգրավմամբ

Հոկտեմբերի 23-ին աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարության լրատվական ծառայությունից։

Քննարկման առանցքում եղել է Արցախում՝ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

«Նախարար Մնացականյանն ԱՄՆ պետքարտուղարին տեղեկացրեց Ադրբեջանի ԶՈւ կողմից մարտական գործողությունների ընթացքում իրականացվող պատերազմական հանցագործությունների մասին, որոնք դրսևորվում են Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, քաղաքացիական բնակչության և ռազմագերիների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքով, գլխատումներով և սպանությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ:

ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ պետքարտուղար Պոմպեոն ամերիկյան կողմի ցավակցությունն է հայտնել զոհերի կապակցությամբ:

Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ ադրբեջանական կողմի այս ագրեսիան տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի ներգրավմամբ, որն արտահայտվում է անմիջական ռազմատեխնիկական աջակցությամբ՝ վերջինիս կողմից տարածաշրջան զինյալ ահաբեկիչների ներմուծմամբ:

Ադրբեջանի՝ Թուրքիայի ազդեցության և միջազգային ահաբեկչության գոտի դառնալու որոշումը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար,-շեշտել է ՀՀ արտգործնախարարը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից հրադադարի վերաբերյալ համաձայնությունների խախտումը և Արցախի ժողովրդի դեմ ռազմական գործողությունների շարունակությունը ևս մեկ անգամ ի ցույց են դնում հիմնախնդրի ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի նպատակը:

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ երկուստեք վերահաստատվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը, տեղեկացնում է Sputnik Armenia: