Մնացականյան. «Պատերազմի հետևանքով Արցախում շուրջ 90 000 մարդ է տեղահանվել»

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով շուրջ 90 000 արցախցի տեղահանվել է, կորցրել տունն ու ունեցվածքը: Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է ԱՄՆ–ում, Ատլանտյան խորհրդում կայացած տեսակոնֆերանսի ընթացքում։

«Սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը պարբերաբար ենթարկվում են հարձակման, ռմբակոծման, հրթիռակոծման, օդային հարձակման, այդ թվում` ԱԹՍ-ներից: Վնասվել են քաղաքացիական շուրջ 90 000 ենթակառուցվածքներ։ Մարդիկ ապրում են կրակի տակ: Եվ դա տեղի է ունենում ամեն օր, պարբերաբար»,- ասել է Մնացականյանը:

Նախարարը նաև հայտնել է, որ կան բազմաթիվ քաղաքացիական կորուստներ, ամեն օր ռմբակոծվում են հոսպիտալներ ու դպրոցներ: Նա շեշտել է, որ այս ամենը պետք է դադարեցվի:

Նա նաև ասել է, որ Լեռնային Ղարաբաղում հայերը ստիպված են կռվել միանգամից երեք հակառակորդի դեմ, և որ ագրեսիան միայն Ադրբեջանի կողմից չէ։

«Ակնհայտ է Թուրքիայի ուղղակի մասնակցությունը, օտարերկրյա զինյալների ներկայությունն ու Ադրբեջանի դիմակայությունը հայերի դեմ։ Դա խորացնում է հակամարտությունն ու ճգնաժամը։ Այստեղ առանցքային հարցը մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգությունն է, նրանց գոյությունը։ Առկա է մշտական ագրեսիա, այսպես է եղել և նախկինում, բայց այլևս չի կարող շարունակվել»,– ասել է Մնացականյանը` հավելելով, որ հայկական կողմը ոչ մի պարագայում չի զիջի արցախցիների անվտանգությունը, տեղեկացնում է Sputnik Armenia։