Էրդողանը հայտարարել է Եվրոպայի` մոտեցող ավարտի մասին

Եվրոպան մոտեցնում է իր ավարտն իսլամատյացության պատճառով։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը` ելույթ ունենալով Քայսերի քաղաքում, հաղորդում է ՌԲԿ–ն` հղում անելով Anadolu գործակալությանը։

«Եվրոպան փաստորեն պատրաստում է իր սեփական ավարտը` հանդես գալով մահմեդականների դեմ», – ասել է Էրդողանը` մեկնաբանելով Բեռլինի Մևլյանա մզկիթում նամազի ժամանակ գերմանացի ուժայինների օպերացիան։

«Եվրոպան պետք է որքան հնարավոր է շուտ ազատվի այդ հիվանդությունից` իսլամատյացությունից, հակառակ դեպքում այն կտալապի ողջ Եվրոպան ներսից», – ասել է Թուրքիայի նախագահը։

«Գերմանիայի մզկիթի վրա հարձակումը, հարյուրավոր ոստիկանների մասնակցությամբ, չի կարող բացատրվել ոչ անվտանգության նկատառումներով, ոչ այլ պատճառով։ Դա ունի պարզ անվանում` իսլամատյացություն», – ավելացրել է Էրդողանը։

Նա մեղադրել է եվրոպական երկրներին «ֆաշիստական մտածողության» և երկերեսության մեջ` հիշեցնելով Charlie Hebdo ֆրանսիական ամսագրում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները։

Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի 6մլն թուրք քաղաքացիներն ու Եվրոպայի մահմեդական ամբողջ հանրությունը կարողանան խաղաղ ապրել։

Bild–ի հաղորդմամբ, գերմանացի ուժայինների ռեյդը Բեռլինի մզկիթում տեղի է ունեցել հոկտեմբերի 21–ին։ Շուրջ 150 ոստիկաններ ներխուժել են մզկիթ առավոտյան նամազի ժամանակ, իրականացրել են խուզարկություններ խարդախության հետ կապված քրգեական գործի շրջանակում։ Ոստիկանությունը կարծում է, որ մզկիթն ապօրինաբար ստացել է 70 հազար եվրո` որպես փոխհատուցում COVID-19 համավարակի պատճառով առաջացած ճգնաժամի ժամանակ։

Խուզարկության արդյունքում առգրավվել է մոտ 7 հազար եվրո, տեղեկատվություն պարունակող կրիչներ և փաստաթղթեր։ Մզկիթի ղեկավարությունը հերքել է մեղադրանքներն ու հայտարարել, որ ոստիկանները ոչինչ չեն գտնի։

Եվրոպական հակամահմեդական հռետորաբանությունն ուժեղացել է Ֆրանսիայում քոլեջի դասախոսի սպանությունից հետո, ով դասի ժամանակ ցուցադրել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները։ Դասախոսի սպանության մեջ մեղադրվում է 18–ամյա չեչեն, ով 2008թ.–ին ներգաղթել է Ռուսաստանից։Նա կտրել է դասախոսի գլուխն ու փորձել է փախուստի դիմել, սակայն սպանվել է ոստիկանների կողմից։ Փարիզում կազմակերպվել է հանրահավաք` ի աջակցության ժողովրդավարական արժեքների և ծայրահեղական իսլամիզմի դեմ։ Հանրահավաքին մասնակցել է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը, տեղեկացնում է Newsarmenia.am-ը: