Ձերբակալվել է Արցախի դեմ կռվող ահաբեկչական խմբավորման անդամներից մեկը

ՀՀ դատախազությունը տեղեկացնում է, որ ձերբակալվել է Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված ահաբեկչական խմբավորման անդամ, սիրիացի վարձկան Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիրը։

«Հոկտեմբերի 29-ին Արցախում իրականացվող ռազմական գործողությունների ընթացքում Արցախի ՊԲ զինծառայողների կողմից հայտնաբերվել է Սիրիայի հյուսիսում տեղակայված ահաբեկչական ճամբարից հոկտեմբերի 19-ին Թուրքիայի միջոցով Ադրբեջանի տեղափոխված և պատերազմական գործողություններին մասնակցություն ունեցած Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիրը: Նա Աբու Համշեին խմբավորման Աբու Հուսեին 23 ջոկատի անդամ է, Սիրիայի Համմա քաղաքի բնակիչ` ծնված 1975թ. մարտի 5-ին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիրը ձերբակալվել է արդեն իսկ նմանատիպ դեպքերի առնչությամբ հարուցված քրգործով` ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով նախատեսված հանցանքներ կատարելու կասկածանքով, մասնավորապես` 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչությունը), 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) և 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանությունը), տեղեկացնում է Sputnik Armenia-ն։