Վիտալի ԲԱԼԱՍԱՆՅԱՆ․ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, ՔԱՆԶԻ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԵԼՈՒ

Վստահ եմ, որ Արցախի Հանրապետության զինված ուժերը, մայր Հայաստանի և ի սփյուռս աշխարհի հայության հետ մեկտեղ կարողանալու ենք ևս մեկ անգամ հակահարված տալ ոխերիմ թշնամուն և ապացուցել, որ մենք հաղթելու ենք, քանզի միաբան ենք, հաղթելու ենք, քանզի դատապարտված ենք հաղթանակելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի հերոս, Արցախյան ազատամարտի մասնակից Վիտալի Բալասանյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Սիրելի հայրենակիցներ,

1988-ը Լեռնային Ղարաբաղի պատմության համար շրջադարձային տարի դարձավ: Սումգայիթում և Բաքվում հայերի նկատմամբ կազմակերպած ահասարսուռ ջարդերի հետևանքով Արցախի ժողովուրդը բարձրացրեց իր ձայնն ի պաշտպանություն սեփական իրավունքների ու ազատությունների և փետրվարի 22-ին հետևեց Ադրբեջանի կողմից հարձակում Ասկերան քաղաքի և հարակից գյուղերի վրա, որի ժամանակ ողջ հայությունը ոտքի կանգնեց պաշտպանելու իր ինքնությունը:

1988 – 1991 թվականներին Ադրբեջանի զորքերը սկսեցին ԼՂԻՄ- ի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ՝ վերցնելով այն ամբողջովին շրջափակման մեջ: Այդ օրերին Ադրբեջանի իշխանության հատուկ նշանակության զորքերը կազմակերպեցին ԼՂԻՄ խաղաղ բնակչության դեմ աննախադեպ հակամարդկային «կոլցո» օպերացիան:

1991 թվականի օգոստոսին Ադրբեջանը լայնամաշտաբ պատերազմ սկսեց շրջափակման մեջ գտնվող ԼՂԻՄ - ի դեմ, որն ուներ 160.000-ից քիչ բնակչություն: ԼՂՀ բնակչությունը մեկ մարդու պես ոտքի կանգնեցին և մայր Հայաստանի, սփյուռքի իր որդիների հետ պայքարեցին, դուրս եկանք շրջափակումից և հաղթեցին շուրջ 7 միլիոն բնակչություն ունեցող Ադրբեջանին: Հաղթեցինք, քանզի միաբան էինք, հաղթեցինք, քանզի չվախեցանք, հաղթեցինք, քանզի պարտությունը անհնարին էր:

2016 թվականին Բաքվի իշխանությունները, արդեն իսկ Թուրքիայի դրդմամբ, փորձեց լայնածավալ պատերազմ սկսել, սակայն մենք անսասան էինք և դիմակայեցինք:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին նույն ադրբեջանական իշխանությունները, արդեն Թուրքիայի բացահայտ մասնակցությամբ նախաձեռնել է հերթական լայնածավալ ագրեսիա Արցախի Հանրապետության դեմ, վերսկսելով ակտիվ ռազմական գործողությունները՝ օգտագործելով տեխնիկապես ավելի հագեցած և ահաբեկիչներով համալրված ռազմական ուժեր: Արցախի և Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով ընթանում են ծանր մարտեր:

Սիրելի հայ ժողովուրդ,

Վստահ եմ, որ Արցախի Հանրապետության զինված ուժերը, մայր Հայաստանի և ի սփյուռս աշխարհի հայության հետ մեկտեղ կարողանալու ենք ևս մեկ անգամ հակահարված տալ ոխերիմ թշնամուն և ապացուցել, որ մենք հաղթելու ենք, քանզի միաբան ենք, հաղթելու ենք, քանզի դատապարտված ենք հաղթանակելու: Չափից շատ է արյուն հեղվել, չափազանց մեծ են կորուստները: Քաջ հայորդիների սխրանքներն անգնահատելի են: Նրանց վառ հիշատակը, այսօր ոսոխի դեմ կանգնած մարտիկների ազգանվեր պայքարը, թիկունքում մեր հայրենակիցների համախմբված օգնությունը թույլ չեն տալիս, որ որևէ հայի մտքով անգամ անցնի և վստահ եմ, որ չի էլ անցնում, որ հնարավոր է վերադառնալ Ադրբեջանի իրավասության տակ:

Չի՛ եղել և չի՛ լինելու»։

News.am