«ԱՆՈՒՆՍ ԱՐՑԱԽ Է» ԵՐԳԸ ԿԴԱՌՆԱ «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ» ՀԻՄՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Շուշան Պետրոսյանի «Անունս Արցախ է» երգը կդառնա «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հիմնը։ Տեղեկությունը հրապարակված է հիմնադրամի Facebook-ի էջում։
«Արցախն այսօր դեռևս մնում է ողջ հայ ժողովրդի վիրավոր սիրտը, որ տրոփում է բոլորիս և յուրաքանչյուրիս ներսում: Ավետ Բարսեղյանի խոսքերով, Արման Ղազարյանի երաժշտությամբ և Շուշան Պետրոսյանի ձայնով ծնունդ ստացած «Անունս Արցախ է» երգը սկզբից մինչև վերջ սրտի տրոփյուն է, որի շնորհիվ էլ զորեղ արձագանք է ստանում ամեն ունկնդրի ներսում»,–ասված է հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է, որ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» որոշել է այս երգն ընդունել որպես հիմնադրամի հիմն՝ լի հույսով, որ դրա ազդեցիկ ու անկեղծ ոգին բոլորին կմղի իրենց նվիրաբերություններով շարունակական ներդրում ունենալու մեր հերոսներին և նրանց ընտանիքներին ցուցաբերվող օժանդակության ազգանվեր գործում:
«Միասին մենք անպարտելի ենք»,–ընդգծել են հիմնադրամում:
«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքն ընդունվել էր ապրիլյան քառօրյա պատերազմից հետո`2016թ–ի դեկտեմբերի 14-ին, ուժի մեջ մտել 2017թ–ի հունվարի 1-ից։
ՀՀ աշխատող քաղաքացիներից յուրաքանչյուրն, այս օրենքով, պարտավորվում է իր ամսական աշխատավարձից ամեն ամիս 1000-ական դրամ վճարել զինծառայողների աջացության հիմնադրամին։
Վերջերս ընդունված որոշման համաձայն` Արցախյան վերջին պատերազմում զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին կտրամադրվի 52-82 մլն դրամ։
Հատուցումը տրամադրվում է 2 եղանակով. առաջինը դա միանվագ վճարն է 10 մլն դրամի չափով, եթե զոհված է, անհայտ կորած է, կամ առաջին կարգի հաշմանդամ է և 5 մլն դրամ, եթե երկրորդ կարգի հաշմանդամ է։ Այնուհետև յուրաքանչյուր ամիս ընտանիքի համար բացված հաշվեհամարին փոխանցվում է 100-300 հազար դրամ։ Իսկ եթե զինծառայողն ունի 3 և ավելի երեխա, ապա լրացուցիչ 100 հազար դրամ վճարում ենք կատարում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։