«Անունս Արցախ է». Երևանում կայացած համերգների ընթացքում 30 մլն դրամ է հավաքվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Համերգները տեղի են ունեցել հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ։

 


Երևանում 4 օր շարունակ անցկացվող բարեգործական համերգ–դրամահավաքների ընթացքում 30 մլն դրամ է հավաքվել: Նվիրատվությունները կուղղվեն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

Համերգները տեղի են ունեցել հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ։

Համերգներն անցկացվել են բացօթյա, խորհրդանշական վայրերում ՝ Վազգեն Սարգսյան փողոցում, Շառլ Ազնավուրի հրապարակում, Կասկադում և Գարեգին Նժդեհի հուշարձանի հարակից այգում:

Բոլոր բարեգործական համերգները սկսվել են Հայաստանի օրհներգով և ավարտվել երգչուհի Շուշան Պետրոսյանի կատարմամբ «Անունս Արցախ է» երգով։ Այս երգը 1000+ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հիմնն է։

Մայրաքաղաքի բնակիչները չորս օրում հավաքել են 15 միլիոն դրամ: Ամենամեծ նվիրատվությունը կատարել է Ավդալյանների ընտանիքը՝ 3 միլիոն դրամ: Այնուհետև Evocabank-ը կրկնապատկել է քաղաքացիների հավաքած գումարը՝ այն դարձնելով 30 միլիոն դրամ:

Նվիրատվությունները կուղղվեն 1000+ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Հիմնադրամը փոխհատուցում է ռազմական գործողությունների ընթացքում տուժած զինվորների բուժման ծախսերը, ինչպես նաև փոխհատուցումներ է տրամադրում զոհված զինծառայողների ընտանիքներին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: