Երևանը մայրաքաղաքային աշխարհազորի հրամանատար և քաղաքապետի ևս մեկ տեղակալ կունենա

Մենք առաջարկում ենք ևս մեկով ավելացնել Երևանի փոխքաղաքապետների թիվը: Նա ռազմական դրության ժամանակ կգլխավորի Երևան քաղաքի աշխարհազորի բրիգադը: Այս մասին նոյեմբերի 2-ին «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Այսպիսով, Երևանի քաղաքապետը կունենա ոչ թե 3, այլ 4 տեղակալ:

«Այս տեղակալը կլինի մայրաքաղաքի աշխարհազորի բրիգադի պայմանական հրամանատարը»,- պարզաբանեց Տերտերյանը:

Փոխնախարարն ընդգծեց, որ այս պաշտոնը կգործի մշտական հիմունքներով:

Հիշեցնենք, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը քվեարկության ժամանակ միաձայն ընդունվել է 69 խորհրդարանականների կողմից, տեղեկացնում է News.am: