ԽԵԼՔԻ ԳԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է

Պետական կառավարման մարմիններում, մարզպետարաններում սեպտեմբեր ամսվա համար պարգևավճարներն աշխատողներին տրվել են նախքան ռազմական դրության հայտարարումը: Այս մասին «Արմենպրես»-ին հաղորդել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ինչ վերաբերում է հոկտեմբեր ամսվա պարգևատրումներին, ապա հայտնում ենք, որ պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին, մարզպետներին տրվել է համապատասխան հանձնարարական՝ չնախատեսել պարգևատրումներ ինչպես ղեկավար կազմի, այնպես էլ աշխատողների մասով: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2020 թվականի պետական բյուջեով վարչապետի աշխատակազմին հատկացված միջոցներից ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ 1 միլիարդ 24.8 միլիոն ՀՀ դրամ ուղղվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ», - նշված է հաղորդագրության մեջ:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. պատերազմի սկսվելուց գրեթե մեկ ամիս անց պարզվում է, որ հանձնարարական կա պարգևատրումներ չտրամադրել պետապարատի ծառայողներին։ Հավանաբար դա նորմալ է։ Թեև ավելի բնական կլիներ, եթե նման հանձնարարականի մասին հասարակայնությունը տեղեկանար դեռևս սեպտեմբերի 28-ին։ Կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ երկրում արտակարգ դրություն մտցնելուց 7 ամիս անց որոշվել է պարգևավճարներ չտալ չինովնիկներին: Եվ դա էլ, երևի, նորմալ է, թեև բնական կլիներ, եթե նման որոշում կայացվեր դեռևս մարտի 16-ին։ Սակայն լավ է ուշ, քան երբեք։ Ճիշտ է, մեր դեպքում բնավ փաստ չէ, թե լավ է։

Բանն այն է, որ արդեն ավելի քան երկու տարի շարունակ Հայաստանի իշխանությունը համոզում է հասարակությանը, թե պետական կառավարման համակարգի աշխատավորներին պարբերաբար պարգևատրելու միջոցով բարձրացնում է դրա արդյունավետությունը, թե միայն աշխատավարձը չի բավականացնում պաշտոնյաներին իրենց պարտականությունները կատարելու համար։ Եթե դա իրոք այդպես է, ապա այնքան էլ տրամաբանական չէ ֆորս-մաժորների պայմաններում, երբ պետհամակարգի ծառայողներից պահանջվում է առանձնակի արդյունավետ աշխատանք, զրկել նրանց պարգևավճարներից, փաստորեն՝ արդյունավետ աշխատանքի միակ խթանից։ Կրկնեմ, կառավարության դիրքորոշման համաձայն՝ չոր աշխատավարձը աշխատանքի շարժառիթ չէ պետծառայողների համար։

Եվ այդուհանդերձ խոսքը հիմա փոքր-ինչ այլ բանի մասին է։ Պատերազմական գործողությունների սկսվելուց հետո գնալով ավելի հաճախ ու բարձր սկսեցին դժգոհություններ հնչել ամեն տեսակի կոռուպցիոներների հասցեին։ Առավել քան արդարացի դժգոհություններ. ինչքա՜ն զենք ու զինամթերք կարելի էր գնել այն գումարներով, որ շռայլվել են, օրինակ, շքեղ առանձնատների կառուցման համար: Իսկապես, միլիոնավոր դոլարներ շրջանցել են գանձարանը, որը կարող էր լրացուցիչ ֆինանսավորել երկրի պաշտպանունակությունը։ Իսկապես, միլիոնավոր դոլարներ գողացվել են գանձարանից. այդ միլիոնները կարող էին ծախսվել մեր ռազմական զինանոցը համալրելու վրա։ Սակայն այս համատեքստում նոր հնչողություն է ստանում նաև տարբեր տրամաչափի պաշտոնյաներին տրվող պարգևավճարների հարցը։ Չէ՞ որ նրանց պարգևատրման համար նույնպես գանձարանը միլիոններ, տասնյակ միլիոններ է ծախսել։ Եվ եթե արձանագրում ենք երկրի պաշտպանունակության հարցի անմիջական կախվածությունը կոռուպցիայից, ապա նման կախվածությունն ակամայից ակներև է դառնում նաև պարգևավճարների պարագայում։

ՀՍՏԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵՆՔ ՄԻ ՔԱՆԻ ԹՎԵՐ։ Ինչպես հայտնի է, անցած տարի պետապարատի պաշտոնյաների ու ծառայողների պարգևավճարների համար բյուջեով հատկացվել է ավելի քան 100 մլն դոլար։ Հայտնի է նաև, որ երկրի ռազմական բյուջեն անցած տարի կազմել է մոտ 625 միլիոն։ Այսինքն պարգևավճարները կազմել են պաշտպանության ծախսերի մոտ 15%-ի չափ գումար։ Ուրեմն կարելի էր 15%-ով ավելացնել պաշտպանության ծախսերը, եթե պաշտոնյաները կարողանային արդյունավետ աշխատել միայն աշխատավարձով։ Ճիշտ այնպես, ինչպես անում են երկրի հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնք ծանրաբեռնված չեն պետկառավարման համակարգում աշխատանքով։ Եվ այստեղ առաջանում է ներկայիս պատերազմական օրվա համար միանգամայն բնական հարց, իսկ որքա՞ն զենք ու զինամթերք կարելի էր գնել պարգևավճարների վրա շռայլված այդ 100 միլիոնով։ Թեպետ, սա հռետորական հարց է։

Պատերազմը մի այնպիսի նողկալի բան է, որ ստիպում է շատերին վերանայել գերակայությունները, արժեքները, կենսակերպը: Այն, թերևս, շատերին պիտի որ ստիպի խելքի գալ։ Ոմանց, կոռուպցիոներներին՝ խելքի գալ և դադարել գողանալ, իսկ մյուսներին, պետկառավարման համակարգի աշխատողներին՝ խելքի գալ և այնուամենայնիվ սովորել արդյունավետ աշխատել առանց կանոնավոր պարգևավճարների։ Քանզի երկու դեպքում էլ խելքի գալու ունակությունից է կախված երկրի և իրենց անձնական անվտանգությունը…