Միասին ահաբեկչության դեմ. արցախցի կանայք ՌԴ դեսպանատան մոտ ակցիա են անցկացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախցի կանայք, որոնց որդիները, ամուսիններն ու հայրերը առաջնագծում են, հայ մարշալների և Հայրենական մեծ պատերազմի հերոսների նկարները ձեռքին այսօր հավաքվել էին Երևանում ՌԴ դեսպանատան շենքի մոտ` կոչ անելով միասին պայքարել ահաբեկչության դեմ։

 

 

Հավաքվածների թվում քիչ չէին նաև կանայք, որոնք ակցիայի ժամանակ կապ հաստատեցին առաջնագծում գտնվող որդիների հետ։ Կանայք վանկարկում էին «Մենք ձեզ հետ ենք», «Պինդ եղեք տղաներ, մենք պահում ենք թիկունքը», «Հավատում ենք ձեզ», «Հավերժ հիշատակ հերոսներին»։ Հեռախոսագծի մյուս կողմում զինվորներն ի պատասխան ինչ–որ բան էին գոչում, սակայն նրանց ասածը չէր հասկացվում։

Ակցիայի կազմակերպիչ Իրինա Սաֆարյանը պատմեց, որ դեսպանատուն նամակ է ուղարկվել, որում համառոտ ներկայացված է հայ ժողովրդի հերոսական պատմությունը Հայրենական մեծ պատերազմի, Թամանյան դիվիզիայի տարիներին, ինչպես նաև հիշատակություններ կան համատեղ մարտերի և ընդհանուր հաղթանակների մասին։ Ըստ նրա` ակցիայի մասնակիցները եկել են շնորհակալություն հայտնելու ռուսաստանցիներին, որոնք չեն վախենում բարձրաձայնել այն, ինչ կատարվում է ճակատում։

«Քանի դեռ աշխարհը լռում է, զոհվում են մեր զինվորները։ Միասին մենք կարող ենք և պետք է կանգնեցնենք ահաբեկչությունը», – ասաց նա։

Ակցիայի մեկ այլ մասնակից Լիանա Ադամյանն էլ պատմեց, որ իր պապը` Սերգեյ Ադամյանը, Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, և ինքը մի անգամ հարցրել պապին, թե ինչ վերքեր են նրա մարմնի վրա։

«Պապս ասում էր, որ իրեն Հիտլերն է կծել։ Այն ժամանակ ես նրան չէի հասկանում, իսկ հիմա գիտեմ, որ մեր եղբայրներին, որդիներին ու հայրերին կծում են Էրդողանն ու Ալիևը։ Նրանք նոր չարիք են, որը սպառնում է Արցախին ու աշխարհին։ Նրանց կանգնեցնել է պետք։ Քանի դեռ մեր տղամարդիկ մեզ պաշտպանում են, մենք նրանց ցավի մասին գոռալու ենք ամբողջ աշխարհով մեկ», – ասաց Ադամյանը։

Կանայք նաև երախտագիտություն հայտնեցին հայկական դիրքորոշմանն աջակցող Ռուսաստանի բոլոր հասարակական և քաղաքական գործիչներին։ Ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի հերոսների նրանք ծաղիկներ խոնարհեցին դեսպանատան շենքի դիմաց։ Հայ կանայք ընդգծեցին, որ դեսպանի կամ դիվանագիտական առաքելության ներկայացուցչի հետ հանդիպում չեն պահանջում, ակցիան էլ բացառապես խաղաղ բնույթ է կրում, տեղեկացնում է Sputnik Armenia։