ՌԴ ԱԳՆ․ Վաղաժամ է խոսել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպման մասին

ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն լրագրողներին ասել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ շփումները փորձագիտական մակարդակով են ընթանում, վաղաժամ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման կազմակերպման մասին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Այժմ մենք բանակցում ենք փորձագիտական մակարդակով, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Այլ բանի մասին խոսելը երևի վաղաժամ է», - ասել է Ռուդենկոն։

Փոխնախարարի խոսքով՝ Ռուսաստանը ելնում է նրանից, որ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։

«Որոշումը պետք է լինի համապարփակ, քաղաքական՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը», - կարծում է Ռուդենկոն:

Նա նաև հայտնել է, որ դեռևս վաղաժամ է խոսել Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հանդիպման մասին:

Ռուդենկոյի խոսքով՝ Մոսկվան ընդհանուր առմամբ կնախընտրեր չշահարկել Ղարաբաղի կարգավորման հարցը:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էին, որ պատրաստ են Մոսկվա գնալ ու քննարկել հակամարտության թեման։ Ալիևի խոսքով՝ ինքը նման հրավեր դեռ չի ստացել Պուտինից, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։