Արծրուն Հովհաննիսյան. Հայկական ԶՈւ-ն շարունակում է դիվերսիոն խմբեր ոչնչացնել տարբեր գյուղերում
Այսօր վաղ առավոտյան գրեթե բոլոր ուղղություններով ադրբեջանական ԶՈւ-ն վարձկանների հետ հարձակողական գործողություններ են շարունակել։ Հայկական ԶՈւ–ն շարունակում է դիվերսիոն խմբեր ոչնչացնել տարբեր գյուղերում։ Տեղեկությունն օրվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Արդեն հայտնել ենք Թաղավարտ գյուղի շրջանում դիվերսիոն խմբի ոչնչացման մասին։
Հովհաննիսյանն ասաց, որ առավոտյան հրետանու, կենդանի և օդային ուժերով ադրբեջանական ուժերը հարձակվել են Մարտունի քաղաքից հարավ, սակայն մեծ կորուստներով հետ են շպրտվել։
Կեսօրին մոտ հյուսիսային հատվածում` Քարվաճառի ուղղությամբ, փորձել են դիակները հանելու պատրվակով ծխածածկույթի տակ դիվերսիոն ներթափանցում անել, բայց հայտնաբերվել են և հեռահար կրակով ոչնչացվել և հետ շպրտվել։
Նա հիշեցրեց, որ քիչ առաջ «Սմերչ» կայանքից հրթիռակոծվել են Ստեփանակերտ և Շուշի քաղաքները։ Կան տուժածներ, հրդեհ է բռնկված, որի ուղղությամբ աշխատում են հրշեջները։ Ստեփանակերտում թիրախավորվել է Մոր և մանկան կենտրոնը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։