Պուտին․ Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հասնել խաղաղ ճանապարհով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը կարելի էր կարգավորել խաղաղ ճանապարհով՝ զենքի չդիմելով, Ռուսաստանը հնարավոր ամեն ինչ անում է հակամարտությունն արագ ավարտելու համար, կապ է պահպանում Հայաստանի և Ադրբեջանի հետ ու հույս ունի, որ կհաջողվի արդյունքների հասնել, որոնք կբավարարեին բոլորին, Ժողովրդական միասնության օրը կրոնական դավանանքների ներկայացուցչների հետ տեսակոնֆերանսում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

 

 

«Դուք գիտեք՝ Ռուսաստանը մեզնից կախված ամեն ինչ անում է, որ Հարավային Կովկասում հակամարտությունն ավարտվի, և որքան հնարավոր է արագ, որ փրկվեն մարդկանց կյանքերը, որոնք մեկը մյուսի դեմ են կանգնած ինքնաձիգների, հրացանների նշանառության տակ և միմյանց դեմ զենք են օգտագործում այն նպատակներին հասնելու համար, որոնց, մեր խորին համոզմամբ, կարելի էր հասնել նաև խաղաղ բանակցային գործընթացով»,- ասել է Պուտինը։

Նա ընդգծել է, որ ռուսական կողմը «կապ է պահպանում ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի հետ»։

«Հուսով եմ, որ մեզ կհաջողվի արդյունքի հասնել․․․այն հիմքով, որը կբավարարեր տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց, ընդ որում՝ դրան հասնել խաղաղ միջոցներով»,- ամփոփել է ՌԴ նախագահը։