ՕՐԱԿԱՆ 1600 ԿԱՆՉ

Կորոնավիրուսով վարակվածների և Արցախում վիրավորվածների թվի կտրուկ աճի խորապատկերին «շտապօգնությունն» աշխատում է ավրալային ռեժիմով: Բժիշկների բրիգադները միշտ չէ, որ հասցնում են ժամանակին արձագանքել հիվանդի կանչին։ Սոցիալական ցանցերում քաղաքացիները գանգատվում են, որ չեն կարողանում միանալ 1-03 հեռախոսահամարով։ «ԳԱ»-ի թղթակիցն իրավիճակը մեկնաբանելու խնդրանքով դիմել է Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ։

-Համաձայն առողջապահության նախարարության կողմից սահմանված չափանիշների, «շտապօգնության» բուժանձնակազմը պետք է կանչի վայր հասնի 7-12 րոպեի ընթացքում, իսկ հիվանդի պաթոլոգիան պետք է պարզվի 20 րոպեի սահմաններում: Ոչ շտապ կանչերի համար առավելագույն ժամանակահատվածը կազմում է 30-40 րոպե։ 20 րոպեի ընթացքում բուժանձնակազմը պետք է պարզի՝ ենթակա է արդյոք հիվանդը հոսպիտալացման, որից հետո կա՛մ պետք է վերադառնա բուժկայան, կա՛մ մեկնի այլ կանչով: Դիսպետչերի հետ բոլոր խոսակցությունները ձայնագրվում են և պարբերաբար լսվում՝ վիճելի հարցերի լուծման կամ կանչերի ընդունման որակի վերահսկման նպատակով: Կանչերին արձագանքման և բրիգադների աշխատանքի որակի վերահսկողությունը մեզ մոտ բավական խիստ է։ Եթե հիվանդը կամ նրա հարազատները համարում են, որ «շտապօգնության» բրիգադը բավարար ծավալի բուժօգնություն չի ցուցաբերել, անուշադիր է վերաբերվել հիվանդին կամ վճար է պահանջել իր աշխատանքի դիմաց, ապա իրավունք ունեք իմանալ բժշկի, բրիգադի յուրաքանչյուր անդամի անուն-ազգանունը, կանչի համարը և մեքենայի համարանիշը, որից հետո բողոքով դիմել «շտապօգնության» կենտրոնակայան: Սա վերաբերում է սովորական ժամանակներին։ Ներկայումս իրավիճակն այլ է։

Կանչերի թիվն աճել է բազմապատիկ։ Եթե մեկ տարի առաջ մենք ընդունում էինք օրական մոտ 550 զանգ, ապա այսօր՝ մինչև 1600։ Կտրուկ աճել են նաև մահվան դեպքերը. օրական 60-ից մինչև 70։ Պարզ է, որ նման ծանրաբեռնվածության պայմաններում մարդկային և տեխնիկական ռեսուրսները չեն բավականացնում։ Չեմ խոսում արդեն այն մասին, որ մեր բազմաթիվ բրիգադներ վիրավոր մարտիկներին են տեղափոխում մայրաքաղաք։

-Թագուհի Սաբիրովնա, ճի՞շտ է, որ դիսպետչերները հաճախ անջատում են 1-03 հեռախոսը կամ պարզապես չեն պատասխանում զանգերին:

-Ոչ, սուտ է։ Նրանց, ովքեր կասկածում են, ես հրավիրում եմ այցելել մեր դիսպետչերական ծառայություն և անձամբ համոզվել։ Բնականաբար, լինում են դեպքեր, երբ 1-03 հեռախոսահամարի բոլոր ալիքները զբաղված են և զանգահարողին կարող է թվալ, թե իր զանգին չեն պատասխանում կամ անջատում են։

սկ հնարավոր չէ՞ բացել լրացուցիչ կապուղիներ և ավելացնել բրիգադների քանակը:

-Համավարակի սկսվելուն պես մենք հենց այդպես էլ արել ենք. ավելացրել ենք կապուղիների և օպերատորների թիվը։ Անվերջ դա անելն անհնար է տեխնիկապես։ Նույնը վերաբերում է նաև «շտապօգնության» մեքենաներին։

Եզրափակելով՝ Թագուհի Սաբիրովնան ասաց.

-«Շտապօգնության» ծառայության աշխատանքը նախևառաջ ահռելի պատասխանատվություն է, չափազանց բարդ ու լարված աշխատանք։ Իհարկե, մենք շատ խնդիրներ ունենք, լինում են նաև սխալներ։ Բայց, հավատացեք, մենք անում ենք հնարավոր ամենը, որպեսզի առաջին բուժօգնությունը ցուցաբերենք որակով ու յուրաժամանակ։ Եվ շատ ցավալի է, երբ «շտապօգնության» բժշկի ծանր աշխատանքը չի գնահատվում հավուր պատշաճի։

Ուզում եմ կրկին ու կրկին դիմել Երևանի բնակչությանը. «շտապօգնություն» կանչեք միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Չէ՞ որ շեղելով բժիշկներին չնչին պատճառով, դուք ծանրաբեռնում եք կայանը և, հնարավոր է՝ վնասում մեկ այլ հիվանդի, որը հույժ շտապ բուժօգնության կարիք ունի։ Եվ էլի մի բան. եթե չեք կարողանում միանալ 1-03-ով, ապա փորձեք դա անել 53 66 51 հեռախոսահամարով»:

Основная тема:
Теги: