Թրյուդոն ու Մակրոնը քննարկել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղում

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը: Տեղեկությունը հայտնում է Կանադայի կառավարության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերն ընդգծել են երկխոսության ու դիվանագիտության կարևորությունը` Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու հարցում:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև հարցերի լայն շրջանակի, այդ թվում ՝ երկկողմ հարաբերություններին, ահաբեկչության դեմ պայքարին, COVID – 19-ի հետ կապված իրավիճակին:

«Վարչապետ Թրյուդոն Կանադայի անունից աջակցություն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին` Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ», - ասվում է հաղորդագրության մեջ:

Կանադայի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը վերահաստատել են կարծիք արտահայտելու ազատության ու մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության կարևորությունը: Երկու երկրների ղեկավարները հայտարարել են նաև ահաբեկչության դեմ պայքարի իրենց հանձնառության մասին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք միջազգային խնդիրների, այդ թվում ՝ Միջերկրածովյան արևելյան տարածաշրջանի իրավիճակի վերաբերյալ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։