ՊԲ․ Հակառակորդը լուրջ կորուստներ է կրել
Նոյեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը ռազմաճակատի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են: Հակառակորդը լուրջ կորուստներ է կրել։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական արդյունավետ մարտեր են վարել և թշնամական ուժերին ռազմատեխնիկական ու մարդկային մեծաթիվ կորուստներ պատճառել արևելյան, հարավային ու հարավարևմտյան հատվածներում: Շուշիի ուղղությամբ թշնամական գրոհային խմբերի բազմակի հարձակման փորձերը նույնպես կասեցվել են: Հակառակորդը լուրջ կորուստներ է կրել նաև հարավարևմտյան՝ Բերձորի հատվածում»,–նշված է հաղորդագրության մեջ:
ԱՀ ՊՆ–ն նշում է, որ ամբողջ օրվա ընթացքում հակառակորդը հրթիռահետանային հարվածներ է հասցրել նաև Արցախի խաղաղ բնակավայրերին ու քաղաքացիական ենթակառուցվածքներին: Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ:
Հարձակողական գործողությունները թշնամական ուժերի կողմից ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են:
Արցախի պաշտպանական գերատեսչությունը վստահեցնում է, որ բանակային ստորաբաժանումները լիարժեք կերպով վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և քայլեր են ձեռնարկում թշնամական ուժերի հետագա հայտնաբերման և կրակային խոցման ուղղությամբ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: