Իրանցի գեներալ․ Ոչ մի ուժ չի կարող փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը

Իրանի զինված ուժերն ամեն ինչ կանեն իրենց սահմանների անվտանգությունն ապահովելու համար և չեն հանդուրժի միջազգային իրավունքի խախտումները։ Mehr գործակալությանն այս մասին ասել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Քիումարս Հեյդարին՝ անդրադառնալով Ղարաբաղում ռազմական գործողություններին, որոնց մի մասը տեղի է ունենում Իրանի սահմանների մոտ։

Ինչպես հայտարարել է գեներալը, Իրանը կոչ է անում կողմերին հակամարտությունը կարգավորել երկխոսության ճանապարհով։

«Տարածաշրջանում կայունության պահպանումը մեր կարմիր գիծն է, և ոչ մի ուժ չի կարող փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը։ Մենք դա չենք հանդուրժի», - նշել է նա։

Հեյդարիի խոսքով՝ իրանական բանակի ցամաքային զորքերը տեղակայվել են սահմանամերձ շրջաններում ՝ տարածաշրջանում անվտանգությունն ու խաղաղությունը պահպանելու նպատակով:

Նա վստահեցրել է, որ երկրի հյուսիս-արևմտյան սահմանների համար վտանգ չկա, և զինված ուժերը պատրաստ են պաշտպանել իրանցի ժողովրդին։

 «Իրանը շատ ընդհանրություններ ունի հարևան երկրների՝ Ադրբեջանի ու Հայաստանի հետ։ Մենք երկու երկրներին խորհուրդ ենք տալիս հարգել միջազգային իրավունքը, պաշտպանել պետական սահմանները և քաղաքական կարգավորման ճանապարհով լուծել իրենց խնդիրները», - հավելել է ցամաքային զորքերի հրամանատարը, տեղեկացնում է Sputnik Armenia: