ՀՀ-ն պատրաստ է դեսպաններին հնարավորություն տալ հանդիպելու ահաբեկիչների հետ. Ալեն Սիմոնյան
Հայկական կողմը պատրաստ է ցանկացած երկրի դեսպանի ներկայացնել Լեռնային Ղարաբաղում գերեվարված գրոհայիններին։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ Ղարաբաղյան պատերազմում ահաբեկիչների մասնակցությունը փաստ է։
«Մեզ մոտ գերեվարված վարձկաններ կան Սիրիայից ու Լիբիայից, որոնք ամեն ինչ պատմում են։ Հայաստանը պատրաստ է ցանկացած դեսպանի հնարավորություն տալ շփվել ահաբեկիչների հետ, որոնց գերի են վերցվել ռազմական գործողությունների ընթացքում»,-ասել է Սիմոնյանը։
ԱԺ փոխխոսնակն ընդգծել է, որ որպես իշխանության ներկայացուցիչ, անձամբ պարտավորվում է այդպիսի հանդիպում կազմակերպել։
Նա նաև հայտարարել է, որ ներկա պայմաններում հնարավոր չի համարում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
«Վարչապետն արդեն հայտարարել է, որ պատրաստ է հանդիպման։ Այդպիսի հայտարարություն է արել նաև Ադրբեջանի նախագահը։ Բայց ես դրան չեմ հավատում։ Դիվանագիտական խողովակներով այդ հարցը այս փուլում լուծելը շատ բարդ կլինի»,-ասել է Սիմոնյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։