Բեռլինի Բրանդեբուրգյան դարպասների մոտ Կոմիտաս հնչեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բեռլինի սրտում՝ հայտնի Բրանդեբուրգյան դարպասների մոտ, կայացել է համերգ՝ ի աջակցություն Արցախի և հայ ժողովրդի։ Համերգի նախաձեռնողը «Հայք» հայ-գերմանական ուսանողական ակումբն է։

 

 

Բացօթյա համերգի բեմում դիրիժոր Ալեքսանդր Իրադյանի ղեկավարությամբ 11 հոգանոց նվագախումբն էր և սոպրանո, Դրեզդենի Սեմպերօպերի երգչուհի Հրաչուհի Բասենցը։

Քանի որ աշխարհի յուրաքանչյուր անկյունում ապրող հայը խաղաղություն է ուզում, նվագախումբն այդպես էլ կոչվում է «Խաղաղության նվագախումբ»։

Ի թիվս այլ ստեղծագործությունների Բրանդեբուրգյան դարպասների մոտ Կոմիտաս հնչեց։ Ընտրությունը պատահական չէ, Կոմիտասն ուսանել է Բեռլինի Հումբոլդտի համալսարանում, ապա վերապրել Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում։

Միջազգային մի շարք կառույցներ, որոնք զբաղվում են ցեղասպանությունների ուսումնասիրությամբ, մարդու իրավունքների պաշտպանությամբ, արդեն իսկ ահազանգել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի և հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջման վտանգի մասին։

Մինչ համերգի մեկնարկը, այսպես ասած, տեղեկատվական հանրահավաք է անցկացվել, որին նաև գերմանացի հասարակական, քաղաքական գործիչներ են մասնակցել։ Հանրահավաքի նպատակն էր գերմանական հասարակությանն իրազեկել Արցախում Թուրքիայի մասնակցությամբ, ահաբեկիչների ներգրավմամբ ադրբեջանական ագրեսիայի մասին։

Գերմանաբնակ մեր հայրենակից, մասնագիտությամբ լրագրող Անի Մաթևոսյանը նշում է՝ ի տարբերություն Գերմանիայում անցկացված նախորդ բողոքի ակցիաների, մասնակիցների թիվն ավելի քիչ էր, բայց բովանդակությունն ու հասցեականությունը տեղին էին։ Նրա խոսքով՝ Գերմանիայի տարբեր քաղաքներից 300-400 մասնակիցներ են եկել։ Ասում է՝ այստեղ ևս հայերը շատ միասնական են, հայերից մի քանիսը հանրահավաք-համերգի համար նաև թխվածքներ էին բերել, տեղում վաճառում էին՝ հասույթը «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելու համար։

Անիի խոսքով՝ գերմանացի մի քանի հայտնի գործիչներ բավականին տպավորիչ, ազդեցիկ ելույթներ են ունեցել։ Առանձնացնում է հայտնի քաղաքագետ Լեո Էնզելին։ Վերջինիս խոսքով՝ երբ գերմանական լրատվամիջոցները փորձում են չեզոք լուսաբանել պատերազմը, դա արդեն նշանակում է, որ կողմնակալ մոտեցում է ցուցաբերվում։ Երբ նշում են, թե չգիտեն՝ որ կողմն է պատերազմը սկսել, դրանով արդեն իսկ ադրբեջանական քարոզչամեքենային են օգնում։ Հանրահավաքի ընթացքում ելույթ է ունեցել նաև գերմանական Բունդեսթագի պատգամավոր Սևիմ Դագդալենը։ Նա առիթը բաց չի թողնում քննադատելու թուրք-ադրբեջանական դաշինքն ընդդեմ փոքրիկ պետության և խոսում է նաև սիրիացի վարձկանների մասին։

«Նա նշեց, որ չի թողնելու, որ գերմանական կառավարության անտարբերությունը շարունակվի։ Փորձելու է հետագայում բանաձևի տեսքով կամ որևէ այլ տարբերակով առաջ քաշել ղարաբաղյան հարցն ու ագրեսորներ Թուրքիային և Ադրբեջանին իրենց անուններով կոչել»,- նշում է Անին։

Միջոցառման ընթացքում նաև մոմավառություն է անցկացվել։ Անին ասում է՝ դա ևս հանգանակության մի մասն էր։ Կազմակերպիչները մեծաթիվ մոմեր էին բերել, մարդիկ այն գնում էին և խաչի տեսքով դասավորում Բրանդեբուրգյան դարպասների առջև։ Մոմերով ստացված խաչը խաղաղության և հանուն հայրենիքի զոհված մեր հայրենակիցների ոգեկոչման համար է, տեղեկացնում է Sputnik Armenia։