Փաշինյան. Սկսվել է երրորդ համաշխարհային պատերազմ, որը հիբրիդային պատերազմ է
Հիմա սկսվել է երրորդ համաշխարհային պատերազմ, որը հիբրիդային պատերազմ է։ Այն ծավալվում է բոլոր ուղղություններով։ Այս մասին գրեմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդ պատերազմը հավասարապես ուղղված է քրիստոնյաների դեմ, մահմեդականների դեմ, հուդայականների դեմ»,- ասել է նա:
Միաժամանակ վարչապետը պարզաբանել է, թե ինչու է համարում, որ նաև մուսուլմանների դեմ է ուղղված։
«Որովհետև նախ մուսուլմանների սխալ կերպար է ստեղծվում ամբողջ աշխարհում և երկրորդը՝ կրթություն չունեցող, տառերը չճանաչող և համապատասխան, թող ներվի ինձ, շատ նեղ և տեղային աշխարհայացք ունեցող մարդկանց անգրագիտությունն օգտագործվում է նեղ քաղաքական, կոնկրետ քաղաքական նպատակների համար։ Եվ մենք գիտենք, թե ով է կազմակերպում դա»,- ասել է նա:
Փաշինյանը նշել է, որ այդ նույն երևույթի արտահայտությունը երևում է Լեռնային Ղարաբաղում։ Նույն երևույթի արտահայտությունը տեսնում ենք Վիեննայում, Կանադայում, Ֆրանսիայում, մի փոքր այլ դրսևորումներով՝ Ռուսաստանում:
«Մենք այս վերջին մեկ ամսվա ընթացքում մի քանի հաղորդագրություններ տեսանք Հյուսիսային Կովկասում ահաբեկչական խմբերի գործունեության մասին, որոնք Ռուսաստանի իրավապահների կողմից էֆեկտիվ կերպով ոչնչացվեցին»,- պարզաբանել է նա:
Ընդ որում՝ վարչապետը նշել է ևս մեկ կարևոր ապացույց, որ այս պատերազմը հավասարաբար ուղղված է նաև մուսուլմանների դեմ։
«Մենք տեսնում ենք Իրանի Իսլամական Հանրապետության շատ արժեքավոր արձագանքը տեղի ունեցողին։ Որովհետև այս մարդկանց ներկայությունը մեր տարածաշրջանում նույնպիսի սպառնալիք է համարում իր անվտանգությանն Իրանի Իսլամական Հանրապետությունը, նույնպիսի սպառնալիք են համարում իրենց համար բազմաթիվ արաբական երկրներ»,- ասել է նա, տեղեկացնում է Newsarmenia.am-ը: