Պարգև սրբազանը արտահերթ ժողովում ներկայացրել է Արցախի թեմում տիրող իրավիճակը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի արտահերթ ժողով։ Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Ժողովը բացվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ԳՀԽ անդամների համատեղ աղոթքով՝ Արցախում՝ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհվածների հոգիների հանգստության համար։
Արցախում տիրող կացության վերաբերյալ տեղեկություններ է հայտնել թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։
Գերագույն հոգևոր խորհրդի անդամները կարևորել են համազգային միասնության, սթափության և զգաստության պահպանումն ու քաղաքացիական բախումներ հրահրող, ապակայունացնող հռետորաբանությունից զերծ մնալը։
Ի թիվ այլ հարցերի քննարկվել են զինվորականների, վիրավոր զինվորների և նահատակ մարտիկների ընտանիքների հետ եկեղեցականների հովվական աշխատանքի, Արցախի բնակավայրերից տեղահանված ընտանիքների կարիքների հոգածությանը և հոգևոր խնամքի կազմակերպմանն առնչվող խնդիրներ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։