ԱՅՍ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ Է
«Եթե մեզ վիճակված է կորցնել Հայաստանը, ապա մենք կարող ենք ոչնչացնել նաև Ադրբեջանը. արդյոք նա պատրա՞ստ է դրան»,- «ԳԱ»-ին տված հարցազրույցում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական պատմաբան Արմեն ԱՅՎԱԶՅԱՆԸ։
-Եկեք վերլուծենք Արցախի հանձնման խայտառակ փաստաթուղթը, որ ստորագրեց Հայաստանի վարչապետ Ն.Փաշինյանը նոյեմբերի 9-ին։
-Վերլուծելով այդ փաստաթղթի դրույթները, կարելի է ասել հետևյալը. այսօր ունենք մի իրավիճակ, երբ Արցախի բնակչության 90%-ն արդեն գտնվում է նրա սահմաններից դուրս, նրանք Հայաստանում են որպես փախստականներ: Այն բանից հետո, երբ փաստաթղթի պայմանների համաձայն՝ Քարվաճառը կհանձնվի նոյեմբերի 15 - ին, իսկ Աղդամի շրջանը՝ նոյեմբերի 20-ին, ընդ որում երբ Շուշին ու Հադրութը գտնվում են թշնամու ձեռքում, ոչ մի ողջամիտ արցախցի չի վերադառնա և չի ապրի իր հայրենիքում, իր հողում։ Մարդիկ կվերադառնան առավելագույնը որպեսզի հավաքեն իրերն ու նորից հեռանան՝ սկզբում Հայաստան, հետո էլի ինչ-որ տեղ, քանի որ Հայաստանում կսկսվի տնտեսական ճգնաժամ։ Իսկ հեռանալով Հայաստանից (կարծում եմ ՝ առավելապես կարտագաղթեն Ռուսաստան), նրանք երբեք չեն վերադառնա Արցախ։ Չնայած այն խոսակցություններին, թե իբր՝ այս հրադադարով Արցախի մի մասը փրկվեց, իրողությունն այնպիսին է, որ նման խայտառակ կապիտուլյացիայից հետո Արցախն ամբողջությամբ հայաթափ կարվի։ Հայ ժողովրդի էթնիկ զտումներն ու ցեղասպանությունը կատարված փաստ կդառնան ընդամենը մեկ-երկու ամսվա ընթացքում։
-Եվ փաստաթղթում ոչ մի խոսք չկա Արցախի կարգավիճակի մասին…
-Ճիշտ այդպես: Փաստորեն Արցախի բնակիչները զրկված են անգամ անվտանգության որևէ երաշխիքի հույսից, ապագա կարգավիճակի մասին ոչինչ չի ասվում։ Այն, որ Լաչինի միջանցքը կունենա ընդամենը 5 կմ լայնություն, նույնպես վկայում է այն մասին, որ Հայաստանի հետ Արցախի կապի անվտանգության երաշխիքներ չկան, ինչպես որ խոսք չկա այն մասին, որ Հայաստանը կարող է Արցախի հետ կապ հաստատել Քարվաճառի շրջանով։ Այսինքն դե ֆակտո այդ փաստաթղթով Արցախը հանձնվում է Ադրբեջանին՝ գրեթե անհապաղ լիակատար հայաթափությամբ։ Ուշադրություն դարձրեք նաև այն կետին, որտեղ խոսվում է ռուսական խաղաղապահ զորակազմի մասին, որի տեղակայման ժամկետը լինելու է ընդամենը 5 տարի, այնուհետ ինքնաբերաբար երկարաձգվելով հերթական հնգամյա ժամկետներով, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: Այստեղ մենք գործ ունենք հետևյալ իրավիճակի հետ. 5 տարի անց Ադրբեջանը կարող է հանգիստ հայտարարել, որ այլևս շահագրգռված չէ ՌԴ զորակազմի տեղակայման ժամկետի երկարաձգմամբ։ Դրանից հետո Հայաստանը և հատկապես նրա հարավային Սյունիքի մարզը կրկին միայնակ կմնան Ադրբեջանի հետ դեմ առ դեմ։ Որը Թուրքիայի հետ միասին շարունակելու է հայերին դուրս մղել արդեն Սյունիքից։ Ընդ որում այդ դուրմղումն իրականացվելու է արդեն վաղվանից։ Պատկերացրեք սյունեցիներին, որոնք ամեն օր տեսնելու են ադրբեջանական բանակը հրազենի կրակոցի հեռավորության վրա, այն կանգնած է լինելու Կապան և Գորիս գլխավոր քաղաքներից մեկ-երեք կիլոմետր հեռավորության վրա, որտեղից կարելի է ինքնաձիգի կրակահերթ արձակել Կապանի կենտրոնի վրա, ինչպես դա արվում էր 1992թ.-ին։
-Իսկ Մեղրի՞ն:
-Անցնենք Մեղրիին։ Մեծագույն դավաճանության պսակը, ինչպիսին փաշինյան-թուրք-ադրբեջան-ռուսական փաստաթուղթն է, մեզ ներկայացվող դրույթն է Մեղրիի շրջանի մասին։ Փաստորեն, Մեղրիի շրջանը կամ նրա ռազմավարական հատվածը իրանական սահմանի երկայնքով անցնում է ռուս-ադրբեջան (-թուրքական) արտաքին ռազմավարչական վերահսկողության տակ։ 9-րդ կետում կարդում ենք. «Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արևմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը»: Սա ոչ այլ ինչ է, քան Գոբլի վաղեմի ծրագիրը՝ փոքր-ինչ քողարկված ձևով։
Նոր կապուղիների շինարարությունը. ավտոմայրուղի, երկաթուղի, բոլոր այդ ճանապարհները լինելու են Հայաստանի վերահսկողությունից դուրս։ Ինչը սկզբունքորեն քրեական հանցագործություն է Հայաստանի Հանրապետության Քր.օր.-ի մի քանի հոդվածներով. հոդված 299՝ պետական դավաճանություն, 302-րդ հոդվածի 2-րդ կետ՝ տարածքային անձեռնմխելիության խախտմանն ուղղված գործողություններ, և հոդված 301, որտեղ նույնպես խոսքը ՀՀ տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը խախտող գործողությունների պատժի միջոցների մասին է: Այսինքն Փաշինյանը նույնիսկ իրավունք չուներ ստորագրել այդ փաստաթուղթը, որի դրույթները խախտում են օրենքը, գումարած Սահմանադրության 14-րդ հոդվածի 1-ին կետը, որում նույնպես խոսվում է Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության մասին։
Ըստ էության, մենք կունենանք մի իրավիճակ, երբ այդ տարածքում Հայաստանի քաղաքացիները սահմանափակված կլինեն իրենց իրավունքներում. դա կվերահսկեն ռուս սահմանապահները և նրանք, ովքեր տեղաշարժվում են այդ տարածքով, օրինակ, ադրբեջանցի սահմանապահները։ Հայաստանի ոստիկանությունը, ուժայինները իրավունք չեն ունենալու կանգնեցնել, ստուգել ՀՀ տարածքի այդ մասով երթևեկող տրանսպորտային միջոցները։ Փաստորեն, Հայաստանը զրկվում է Իրանի հետ նորմալ, ազատ ու անարգել կապից։ Իսկ այն բանից հետո, երբ Ադրբեջանը 5 կամ 10 տարի հետո հայտարարի, որ այլևս չի ցանկանում ռուս խաղաղապահների ներկայությունը «իր տարածքում» (այդպես են նրանք ասելու), բոլոր հնարավորությունները կստեղծվեն արդեն բուն Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերսկսման, Սյունիքի մարզից մեզ հատելու համար։ Այս ամենի մասին ես գրել ու խոսել եմ ավելի քան 20 տարի շարունակ։ Նման դասավորության դեպքում Հայաստանի գոյատևումը որպես պետություն ուղղակի անհնար կդառնա։ Մենք կվերածվենք անդրկովկասյան յուրօրինակ Սվազիլենդի՝ երեք կամ նույնիսկ չորս կողմերից սեղմված թուրք-ադրբեջանական ցեղասպան դաշնակիցների միջև։ Ահա թե ինչի մասին է այդ փաստաթուղթը։ Եվ այն, ինչը մեզ մատուցվում է որպես փրկություն, իրականում ոչնչացում է։
-Ի՞նչ անել:
-Կարծում եմ, որ պետք է անհապաղ ստեղծել Հայաստանի փրկության կոմիտե, կառավարությունը պետք է հրաժարական տա։ Հարկավոր է անհապաղ մոբիլիզացնել առկա բոլոր ուժերն ու միջոցները և շարունակել պայքարն այս փուլում, այլ ոչ թե թողնել դա հետագայի, երբ ամեն ինչ արդեն հանձնված կլինի, երբ Արցախն այլևս չի լինի։ Եթե մեզ վիճակված է կորցնել Հայաստանը, մենք կարող ենք ոչնչացնել նաև Ադրբեջանը։ Պատրա՞ստ է արդյոք Ադրբեջանը նման սցենարի։