«ՄԵՆՔ ԱՆՆԿԱՏ ԿՓՈԽԱՐԻՆԵՆՔ ՆՐԱՆՑ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԿԵՂԾՎԱԾՔՈՎ»…

Ժամանակին, ԽՍՀՄ-ի մոտալուտ փլուզման շրջանում, միութենական պետության ԶԼՄ-ներում շատ տարածված էր տեքստը, որի հեղինակությունը վերագրվում էր Ալեն Դալլեսին, որը գլխավորում էր ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը 1953-1961 թվականներին՝ ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև ծավալվող «սառը պատերազմի» տարիներին:

Տեքստը բովանդակում էր այն գործողությունների դրույթները, որոնք անհրաժեշտ է կատարել՝ ԽՍՀՄ-ում ազգությունների և սոցիալական խմբերի պառակտման, ավանդույթների, բարոյական արժեքների վարկաբեկման համար: Ավելի ուշ սկսեցին փաստարկել, թե Ալեն Դալլեսը նման բան չի գրել, և դա, ինչպես հիմա են ասում, «ֆեյք-նյուզ» էր։ Բայց անկախ նրանից՝ եղել է արդյոք այդ տեքստն իրականում ԿՀՎ-ի գաղափարական ստորաբաժանումների գործողության ղեկավար ձեռնարկ, թե ոչ, ուզում ենք մի քանի մեջբերում անել դրանից. ախր շա՜տ արդիական են։

«Մենք կուղղորդենք այն ամենը, ինչ ունենք՝ ամբողջ ոսկին, ողջ նյութական հզորությունը, մարդկանց ապուշացնելու և հիմարացնելու նպատակին։ Մարդկային ուղեղը, մարդկանց գիտակցությունը ընդունակ է փոփոխության։ Այնտեղ քաոս սերմանելով՝ մենք աննկատ կփոխարինենք նրանց արժեքները կեղծվածքով և կստիպենք նրանց հավատալ այդ սուտ արժեքներին։ Ինչպե՞ս։ Մենք կգտնենք մեր համախոհներին, մեր դաշնակիցներին հենց Ռուսաստանում։ Դրվագ դրվագի հետևից կխաղացվի ամենից անկոտրում ժողովրդի կործանման, նրա ինքնագիտակցության վերջնական, անդառնալի մարման վիթխարի ողբերգությունը»։ Իսկ հիմա, կարդալուց հետո, տեքստում Ռուսաստանը փոխարինեք Հայաստանով…

Մեկ այլ մեջբերում: «Միայն քչերը, շատ քչերը կկռահեն կամ նույնիսկ կհասկանան, թե ինչ է տեղի ունենում։ Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կվերածենք ծաղրի առարկայի, միջոց կգտնենք նրանց զրպարտելու և հասարակության թափթփուկ հայտարարելու համար։ Կպոկենք հոգևոր արմատները, կգռեհկացնենք ու կոչնչացնենք հոգևոր բարոյականության հիմքերը։ Մենք կմշակենք մարդկանց մանուկ, պատանի տարիքից, հիմնական հաշվարկը կկառուցենք երիտասարդության վրա, կքայքայենք, կայլասերենք, կբարոյազրկենք նրանց։ Մենք կվերածենք նրանց ցինիկների, անառակների, կոսմոպոլիտների»։

... Թուրքական և ադրբեջանական շտաբներն ունեին Հայաստանի և Արցախի գաղափարական քայքայման, թուրք-ադրբեջանական ագրեսիայի հաջողությանը նպաստող մթնոլորտի ստեղծման իրենց դրույթները։ Պարզ դրույթներ. ղարաբաղցիների վարկաբեկում, ընդհանրապես բանակի և 90-ականների սկզբի պատերազմում հաղթանակած գեներալների վարկաբեկում, մասնավորապես՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վարկաբեկում, դե, և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ընդհանուր լեզու փնտրելու, փոխզիջումներ որոնելու անհրաժեշտության մտայնությունների սերմանում։

Հիշենք, թե որքան ջանք է գործադրվել այդ ուղղություններով անցած տարիների ընթացքում։ Հիշենք, թե ինչ ակտիվությամբ էին տարածում այն տեսանյութը, որտեղ Տեր-Պետրոսյանը Քոչարյանին կատակով անվանում է «ալբանացի»։ Ավելի ուշ, արդեն ոչ կատակով, նույն Տեր-Պետրոսյանը կխոսի այն մասին, թե Հայաստանում հաստատվել է մոնղոլ-թաթարական լուծ։ Նույնիսկ այսօր ղարաբաղցիների վարկաբեկման թեման ակտիվորեն առաջ է մղվում, օրինակ, ոմն Էդուարդ Անտինյանի՝ ԼՏՊ-ի նախկին զինակցի կողմից։

Իսկ «թավշե հեղափոխությունից» հետո ի՜նչ ծաղկում ապրեց գեներալների, Արցախյան ազատամարտի հերոսների վարկաբեկման թեման։ Հիշո՞ւմ եք, ինչպես էին ասում, թե «թավշե հեղափոխության» հաղթանակը ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակից ավելի կարևոր է։ Այսօ՞ր էլ է ընկեր Սասուն Միքայելյանն այդ կարծիքին։ Իսկ հիշո՞ւմ եք, թե ինչպես էր իրավաբանական դիպլոմներով տականքների զույգը դատարանում երաշխիքներ պահանջում, որ լինելով ազատության մեջ՝ Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովը չեն փախչի։ Փախան, ի վերջո։ Արցախ, Շուշի:

Հայ-ռուսական միության վարկաբեկման թեման նույնպես ծաղկում ապրեց «սիրո հեղափոխությունից» հետո։ Առանձնակի պնդաճակատ որոշ վայ-ռեժիսորներ ու ծակ պրոֆեսորներ մինչ օրս պնդում են ռուսական ռազմաբազայի դուրսբերման անհրաժեշտության մասին… Դե, իսկ «Ադրբեջանի հետ բարեկամությունը» առաջ էր մղվում բարձր մակարդակով. հրավիրում էին թեյ խմելու, փնտրում լուծում, որն ընդունելի կլիներ նաև Ադրբեջանի համար, և անչափ հպարտանում իրենց մտքի այդ թռիչքով։ Գտա՞ք։

Основная тема:
Теги: