Կարեն ԲԵՔԱՐՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՐՈՊԵ ՇՈՒՏ ՊԵՏՔ Է ԿԱՅԱՑՆԵՆ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՈՐՈՇՈՒՄ

Համազգային խայտառակության ժամանակացույցի հաջորդ հանգրվանին մնացել է 4 օր: Այս մասին գրառում է կատարել վերլուծաբան Կարեն բեքարյանը: Նա մասնավորապես գրել է.

«Այս գահավիժող ընթացքը կասեցնելու համար պետք է օգտագործել բոլոր, անգամ ամենափոքր հնարավորությունները:

Եվ օգտագործել ԱՆՀԱՊԱՂ...

Արցախի նախագահը պետք է ժամ առաջ հեռանա կամ հեռացվի:

Նա չուներ և չունի լիազորություն Արցախի տարածքային ամբողջականությունը միանձնյա քմահաճույքով առևտրի առարկա դարձնելու կամ նման լիազորություն երրորդ անձի պատվիրակելու: Նա իր գործունեությամբ ոտնահարել է Արցախի Սահմանադրությունը, և որևէ կերպ կապ չունի Արցախի չճանաչված լինելը:

ՀՀ վարչապետը պետք է ժամ առաջ հեռանա: Նա ստանձնել է պարտավորություններ, որոնց իրավասությունն ու լիազորությունը չունի: Խոսքն առաջին հերթին վերաբերում է Արցախի տարածքները հանձնելու ժամանակացույցին:

ԿՐԿՆԵՄ:

Արտաքին աշխարհի հետ առնչությունները պետք է լիազորվեն յուրաքանչյուր ուղղության համար վստահելի և ընկալելի անհատների համակարգված խմբի՝ դիվանագիտական, փորձագիտական և ակադեմիական ողջ ներուժը պետք է իր նպաստը բերի դիվանագիտական ճակատում բեկում ապահովելուն:

Հասարակությունը և քաղաքական ուժերը պետք է համախմբվեն, իրավիճակի բարելավման անգամ մինիմալ շանսերը պետք է օգտագործվեն, հակառակ դեպքում՝ մենք մեզ չենք ներելու և չեն ներելու սերունդները:

Ներքաղաքական գզվռտոցի ժամանակը չէ: Մենք պետք է գիտակցենք, որ այս օրհասական վիճակում իրավունք չունենք մեր հավաքական էներգիայի որևէ մասնիկ անգամ սպառելու անկարևոր ուղղությամբ: Հիմա հայրենիքի փրկության օրակարգից զատ՝ ամեն ինչ անկարևոր է:

Մենք միասնաբար պետք է մերժենք և դատապարտենք մեր ներսում որևէ բռնություն՝ իր որևէ դրսևորմամբ:

Արցախի նախագահն ու ՀՀ վարչապետը րոպե շուտ պետք է կայացնեն հեռանալու որոշում՝ հանուն մեր ազգային շահերի:

Չորս օրը քիչ է և շատ՝ միաժամանակ:

Կավարտվի անպտուղ, եթե տրվում ենք անգործությանն ու անհույս սպասմանը:

ՄԵՆՔ ՀԱՊԱՂԵԼՈւ ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԵՆՔ:

Համազգային խայտառակության ժամանակացույցի հաջորդ հանգրվանին մնացել է 4 օր:

Աստված պահապան մեր երկու պետություններին և ժողովրդին...»:

News.am