ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԹԵՐԹԵՑ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՋԸ

Արդեն վե՛րջ։ Նա արեց իր գործը։ Ոչինչ չի օգնի։ Պետք է հասկանալ, որ պատմությունն այսօր թերթեց ևս մեկ էջ։ Ավարտվեց հաղթանակած Հայաստանի և հաղթանակած Արցախի պատմությունը։ Սկսվում է մեր պատմության նոր էջ։ Այն խայտառակությունից վերածնվելու պատմությունը, որ հենց ինքներս բերեցինք մեր գլխին ոչ թե հիմա, այլ երկուսուկես տարի առաջ, երբ իշխանություն շնորհեցինք այդ հավակնոտ, բայց բովանդակությամբ ողորմելի զույգին։ Եվ նրանք գերազանց արեցին իրենց սև գործը։

ԿՀԱՋՈՂՎԻ՞ ԱՐԴՅՈՔ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ։ Պետք է հաջողվի։ Նայեք այսօրվա Գերմանիային, որը պարտվեց երկու համաշխարհային պատերազմներում։ Այո, շատ դժվար կլինի։ Առավելևս՝ քանի դեռ մարդ-աղետը մնում է իշխանության ղեկին։

Մենք շատ բանի պետք է վարժվենք ու ընդունենք: Շատ բան պիտի սովորենք։ Պիտի սովորենք փախցնել հայացքը՝ որդեկորույս մայրերին ու արցախցի փախստականներին հանդիպելիս, որոնց մենք զրկեցինք հայրենիքից։ Պիտի սովորենք խուսափել խոսել նրանց հետ, ովքեր կվերադառնան պատերազմից։ Սովորենք պատասխանել երեխաների հարցերին։ Կսովորենք, կվարժվենք։ Մարդն ամեն ինչի վարժվում է։ Կսովորենք նույնիսկ սեղմել նրանց ձեռքը, ովքեր արեցին այս ամենը... Թեև ոչ, այդ մեկը՝ դժվար թե։

Նախ՝ իհարկե, Նիկոլը պետք է հեռանա։ Սա պետք է դաս լինի ոչ միայն մեզ համար, այլև ողջ աշխարհի։ Բազմիցս մեջբերել եմ այս արտահայտությունը, բայց կկրկնեմ, քանզի չափազանց դիպուկ է բնութագրում այն, ինչ տեղի ունեցավ մեզ հետ։ «Ազգին, ինչպեսև կնոջը, չի ներվում թուլության պահը, երբ առաջին իսկ պատահած արկածախնդիրը կարող է բռնանալ նրա նկատմամբ»: Պատմությունը մեզ չներեց։ Հատուցումը՝ տարածքներ և լավագույն մարդիկ, որոնք մնացին այնտեղ։

Աշխարհի ոչ մի երկրի չեմ ցանկանա, որ իշխանության ղեկին հայտնվի մարդ-աղետ. թող լինի ով ասես, ինչ ասես, միայն ոչ դա։ Պետք է հասկանալ, որ քանի դեռ նա իշխանության ղեկին է, Հայաստանի խնդիրներն ու դժբախտությունները միայն բազմապատկվելու են։ Նա մեղավոր չէ, որ այդպիսին է։ Մարդիկ տարբեր են լինում. կնամոլներ, ընտանեհայրեր, հարբեցողներ, մարզիկներ, թմրամոլներ, գիտնականներ, հավատարիմ ընկերներ, գողեր, կաշառակերներ, ընչազուրկներ, մոլագարներ։ Իսկ սա մարդ-աղետ է։ Նա ինքը չի հասկանում դա, բայց դա այդպես է, և սեփական էությունը չհասկանալը առանձնակի վտանգավոր է, քանի դեռ նա իշխանություն ունի։ Այնպես որ ժամանակն է, որ նա թռչի Կանադա. դա լավ, հանգիստ երկիր է, որտեղ բազմաթիվ երկրպագուներ ունի։

Երկրորդ՝ հիմարություն է ինչ-որ բանում մեղադրել Ռուսաստանին։ Մենք ամեն ինչ արեցինք ինքներս, շատ ավելի վաղ, քան Նիկոլը կստորագրեր: Այսօր խաղաղապահները փրկում են այն, ինչ դեռ կարելի է փրկել և վերածննդի հնարավորություն տալիս։

Երրորդ՝ ինքնադատաստան չպետք է լինի։ Կատաղությունը հասկանալի է, բայց սովորեք մայթն անցնել, երբ փողոցում տեսնեք, այդ... Դժվար է, բայց պետք է սովորել։ Եթե տեսնեք, որ չի ստացվում, մի լավ խմեք։ Այլ կերպ չի կարելի։

Չորրորդ՝ պետք է ձևավորել նոր կառավարություն։ Ամենահարմար վերկուսակցական թեկնածությունները, որոնց կարելի է առաջարկել նոր կառավարության ձևավորումը, Կարեն Կարապետյանը կամ Ռոբերտ Քոչարյանն են։ Խնդիր տալ նրանց ձևավորել ժամանակավոր կոալիցիոն կառավարություն, ապահովել կայունությունը, թույլ չտալ քաղաքացիական առճակատում, և նոր ընտրություններ նախապատրաստել գալիք տարվա մայիսին։ Իսկ մինչ այդ պետական կառույցներից գրողի ծոցն ուղարկել նրանց, ում տեսնելիս պետք է մայթն անցնել։ Որպեսզի գայթակղություն չառաջանա, քանզի ալկոհոլը կարող է և չբավականացնել:

Основная тема:
Теги: