Փաշինյանին ու «Իմ քայլի» պատգամավորներին մինչև կեսգիշեր ժամանակ տվեցին
Ազգային ժողովի մոտ հավաքված բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի պատգամավորները ներկայանան Ազգային ժողով։ ԱԺ մոտ, դիմելով հավաքվածներին, ասաց ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը։
ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը նույնպես մասնակցում էր հանրահավաքին, ավելի վաղ հայտնել էր, որ ԲՀԿ–ն սկսում է արտահերթ նիստ հրավիրելու գործընթաց։
«Մեր պահանջն է, որ նախ պատգամավորները ԱԺ գան, որից հետո էլ արտահերթ նիստ անեն։ 1.5 ժամ է` այստեղ ենք, սակայն «Իմ քայլի» որևէ պատգամավոր էլ չի եկել ԱԺ»,–ասաց Մանուկյանը։
Նա նշեց նաև, որ ոստիկաններն էլ պետք է թույլատրեն հանրահավաքի մասնակիցներին ներս մտնել ԱԺ բակ։ Ոստիկանները, սակայն, կանգնած են ԱԺ շենքի բակ տանող դարպասների մոտ։
ՀՅԴ–ական Իշխան Սաղաթելյանն ասաց, որ ժամանակ են դնում` մինչև կեսգիշեր` ժամը 24։00-ն, ԱԺ պատգամավորները թող ներկայանան ԱԺ կամ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա։
Սաղաթելյանն ասաց, որ ժամը 12։30-ին ասուլիսով հանդես կգան։
Ազատամարտիկ Գևորգ Գևորգյանն էլ ասաց, որ ոչ ոք իրավունք չունի իրենց փոխարեն որոշում կայացնել։
«Նիկոլ, դու դավաճան ես, մենք քեզ չենք ներելու։ Արցախից մենք ենք եկել, իրենք են հայրենիքը ծախում։ Ազգ, ոտքի»,–ասաց Գևորգյանը։
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսյա Հակոբյանն էլ ասաց, որ «Իմ քայլի» պատգամավորներն այցելում էին Արցախ ու ասում, որ կիսում են որդիներ կորցրած մայրերի վիշտը։ Հակոբյանը հարց հղեց, թե ո՞ւր են հիմա այդ պատգամավորները, ինչո՞ւ հնարավորություն չեն տալիս, որ որդեկորույս մայրերը գոնե այցելեն իրենց զավակների շիրիմներին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։