Պուտինի և Թրամփի մեկուկես ժամ տևած զրույցը շատերին հույս ներշնչեց, որ հնարավորություն կա առաջիկա ամիսների ընթացքում վերջ տալ Ուկրաինայում ընթացող պատերազմին։ Եվ դրանով իսկ վերջ տալ ոչ այնքան ռուս-ուկրաինական հակամարտությանը, որքան Արևմուտքի և Ռուսաստանի գլոբալ դիմակայությանը։
Դիմակայություն, որը մեծ աղետի եզրին հասցրեց աշխարհը: Դիմակայություն, որի արձագանքն ակնհայտ էր բազմաթիվ այլ տեղային հակամարտություններում։ Հայաստանն ու Արցախը իրենց վրա զգացին դա լիակատար չափով, քանզի Երևանում իշխանության ղեկին այն մարդն է, որի ականջին մշտապես շշնջում էին, թե Ռուսաստանը ուր որ է կփլուզվի, և ինչ-որ փուլում նա լրջորեն հավատաց դրան։