Հայաստանն անկեղծորեն ցանկանում է, որ հնարավորինս շուտ բացվեն պետական սահմանները, հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ և ընդլայնվեն կապերը երկու ժողովուրդների և մշակույթների միջև: Այս մասին թուրքական Anadolu-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարներին և սահմանի բացման հնարավորությանը, հաղորդում է News.am-ը։
«Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում նշանակվել են հատուկ ներկայացուցիչներ, որոնք ունեցել են հանդիպումներ և հեռախոսային շփումներ։ Հեռախոսազրույցներ են եղել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: Առկա են շարունակական շփումներ, որոնք դրական դինամիկա են ապահովում»,- հայտարարել է Միրզոյանը։
Պատասխանելով երկու երկրների միջև բաց սահմանների առավելությունների մասին հարցին՝ Միրզոյանն ասել է, որ դրանք ակնհայտ են։ «Առաջին հերթին սա շատ կարևոր է մարդկանց համար։ Հարաբերությունների զարգացումը, տնտեսական հարաբերությունների աճն օգուտ կբերի նախևառաջ մարդկանց, ինչը Հայաստանի քաղաքացիների մեծ մասը գիտակցում է»,- ասել է նա։