Այս տարի Հայաստանն առաջին անգամ 10 միլիոն եվրո կստանա Եվրամիության խաղաղության հիմնադրամից, Հունգարիան հանել է այդ աջակցության վրա դրած իր վետոն, «Ազատությանը» հաղորդել են Եվրամիության դիվանագիտական աղբյուրները, փոխանցում է Aysor.am-ը։
Նույն աղբյուրների տվյալներով՝ «Միության անդամ բոլոր երկրներն այսուհետ պատրաստ են «կանաչ լույս» տալ, և ակնկալվում է, որ նախագիծը նախ հավանության կարժանանա անդամ երկրների դեսպանների կողմից հուլիսի 17-ին, ապա հուլիսի 22-ին՝ արտաքին գործերի նախարարների նիստում»:
Ավելի վաղ՝ ապրիլին, Հունգարիան արգելափակել էր Եվրոպական միության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրելու նախագիծը, պահանջելով Ադրբեջանի ներգրավում քննարկվող ծրագրում: «Ազատության» աղբյուրների փոխանցմամբ՝ Բուդապեշտի այդ առաջարկը չի ընդունվել, իսկ փակուղուց դուրս գալու համար ընտրվել է փոխզիջումային տարբերակ. Բաքվին գումարներ կհատկացվեն ոչ թե այդ հիմնադրամից, այլ առանձին՝ ականազերծման աշխատանքների համար։