Ակնհայտ է, որ այս քրեական գործն ունի քաղաքական բնույթ: Այս մասին հայտարարել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը՝ վկայակոչելով քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի՝ իրեն փոխանցված խոսքը։ Փաստաբանը Facebook–ի իր էջում գրել է. «Նկատի ունենալով քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ քաղաքական քրեական հետապնդման շրջանակներում կիրառված սահամանափակումները (այդ թվում անձամբ հրապարակումներ անելու) հրապարակում եմ իր շնորհակալական խոսքն ուղղված սրտացավ մարդկանց:
«Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր ծանոթ ու անծանոթ այն մարդկանց, ընկերներիս, գործընկերներիս, հանրային ու քաղաքական դաշտի մարդկանց, իրավապաշտպաններին, լրատվականներին ու լրագրողներին, ուսանողներիս, գաղափարակիցներիս, քաղաքական և քաղաքացիական միավորներին ովքեր իրենց հանրային խոսքում, գրառումներում, հարցազրույցներում հունիսի 12-ի՝ իմ ձերբակալության փաստի վերաբերյալ օբյեկտիվ քննադատողական դիրքորոշում են որդեգրել, աջակցության խոսքեր հնչեցրել:
Ակնհայտ է, որ այս քր. գործն ունի քաղաքական բնույթ:
Նշեմ, որ քր. գործի շրջանակներում դատարանը իմ մասով որոշում է կայացրել, համաձայն որի ես այս գործընթացի ընթացքում գտնվելու եմ վարչական վերահսկողության տակ, չեմ կարող օգտվել սոցցանցային կապի միջոցներից, չեմ կարող սոցցանցային հարթակներում գրառումներ կատարել, մասնակցել քաղաքական բնույթի հավաքների, ինչպես նաև չեմ կարող լքել ՀՀ-ն:
Ինձ հետ կապի հասանելի միջոցը բջջային սովորական կապն է և կենդանի շփումը:
Շնորհակալ եմ բոլորիցդ»:
Հիշեցնենք, որ ըստ ՔԿ–ի՝ Ալեն Ղևոնդյանը տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, ֆեյսբուքյան իրենց օգտահաշիվներում իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է կատարել:
Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը): Ալեն Ղևոնդյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն խափանման միջոց։ Ղևոնդյանին արգելվել է հրապարակումներ անելն ու հավաքի վայրեր այցելելը, ինչպես նաև սոցիալական ցանցի միջոցներով հաղորդակցվելը:
News.am
