Логотип

ԱԺ-ում ընդդիմությունը կարո՞ղ է ազդել հիմնական որոշումների վրա. նախկին վարչապետի կարծիքը

ՀՀ ԱԺ 9-րդ գումարման նստաշրջանում ընդդիմությունը կկարողանա օգտագործել գլխավոր քաղաքական ամբիոնը հասարակական կարծիք ձևավորելու համար, բայց դա չի օգնի անվտանգության սպառնալիքների չեզոքացմանը։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս մասին ասաց ՀՀ նախկին վարչապետ և Ազգային ժողովի նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը` անդրադառնալով խորհրդարանում ընդդիմության ապագա աշխատանքին։

«Նախորդ 5 տարում ընդդիմությունը շատ ակտիվ է եղել, նույնիսկ երբեմն ագրեսիվ, բայց որևէ խնդիր չհաջողվեց լուծել։ Հիմա էլ օրենքների նախագծեր են բերելու ԱԺ, ընդդիմությունը աղմուկ–աղաղակ անի, դեմ խոսի դրանց վերաբերյալ, ապա դնեն քվեարկության, և նախագիծը մեծամասնությամբ անցնի։ Ընդդիմությունը երբեք չի կարող ինքը որոշում կայացնել, դա բացառված է։ Ընդդիմության ազդեցությունը պետք է այնպիսին լինի, որ քաղաքական մեծամասնությունը նրա դիրքորոշման հետ հաշվի նստի»,– ասաց Հարությունյանը։

Ըստ քաղաքական գործչի` օրենսդիրի և գործադիրի ջրբաժանը չի անցնում կառավարության և խորհրդարանի միջև, այլ անցնում է ԱԺ մեծամասնության և փոքրամասնության միջև։

Նրա խոսքով` մանդատները վերցնելուն զուգահեռ պետք է ընդդիմությունը հարց բարձրացնի, թե որոնք են այն գործիքները, որոնցով օրենսդրորեն պետք է օժտված լինի ԱԺ–ում ներկայացված ընդդիմությունը։

Հարությունյանը նշեց` խորհրդարանական վերահսկողության արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է ընդդիմությանը տրամադրել ազդեցության լրացուցիչ ինստիտուցիոնալ մեխանիզմներ: Օրինակ` ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնի ընդդիմության ներկայացուցիչը։

Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։

Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:

Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ Հուլիսի 4–ին ՍԴ–ն ԿԸՀ–ի որոշումը թողեց ուժի մեջ։