Логотип

ԱՄՆ-ն ու Իրանն անցած գիշեր հրթիռային հարվածներ են փոխանակել

Գիշերը ԱՄՆ զինված ուժերը հրթիռով հարվածել են Բոտսվանայի դրոշի ներքո նավարկող դատարկ լցանավին, որը ուղևորվում էր դեպի Իրանի Խարգ կղզու նավահանգիստ: ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ նավը վնասազերծել են՝ ռազմածովային շրջափակման շրջանակներում Hellfire հրթիռ արձակելով նավի շարժիչի սենյակի վրա և կանխելով դրա ժամանումը Իրան:

Ավելի ուշ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ Միացյալ Նահանգները «ինքնապաշտպանության նպատակով» հարձակվել է իրանական Քեշմ կղզու վրա և խոցել մի քանի իրանական հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։

Իրանական ԻՀՊԿ-ն էլ հայտնել է, որ Քուվեյթում տեղակայված ԱՄՆ ռազմակայանները հարձակման են ենթարկվել՝ ի պատասխան Քեշմ կղզում Իրանի ազգային ինքնիշխանության դեմ ուղղված ագրեսիայի: Մասնավորապես, հաղորդագրություններ էին ստացվել Քուվեյթում գտնվող ամերիկյան ավիաբազայի և ուղղաթիռային բազայի, ինչպես նաև Բահրեյնում գտնվող ԱՄՆ Հինգերորդ նավատորմի շտաբ-բնակարանի վրա հարվածների մասին։

Պայթյունների կադրերը տարածվում են այն պնդումներով, որ Իրանը հարձակվել է ամերիկյան խոշորագույն Առիֆջան բազայի և Ալի ալ Սալեմ ավիաբազայի վրա:

Նշվում է, որ օդային հարձակման մասին նախազգուշացումներ են հնչել Սաուդյան Արաբիայում և ԱՄԷ-ում, այդ երկրները, ինչպես նաև Քուվեյթը և Բահրեյնը փակել են իրենց օդային տարածքը:

Ավելի ուծ ԱՄՆ-ն հերքել է Բահրեյնում ԱՄՆ 5-րդ նավատորմի կենտրոնակայանի և Քուվեյթի ավիաբազայի ուղղությամբ իրանական հարվածները: Հայտարարվել է, որ իրանական անօդաչու թռչող սարքերի նոր ալիքը Քուվեյթի բազայում չի կարողացել խոցել նախատեսված թիրախները:

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին։ Ըստ առկա տվյալների՝ հարձակումների զոհ է դարձել ավելի քան երեք հազար մարդ։ Ապրիլի 8-ին կողմերը հայտարարել են հրադադարի մասին։ Հաջորդել են բանակցությունները, որոնք տեղի են ունեցել Իսլամաբադում, բայց դրանք ավարտվել են անարդյունք։ Ընդ որում, ռազմական գործողությունների վերսկսման մասին չի հաղորդվել, սակայն ԱՄՆ-ն սկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը:

Sputnik Արմենիա