Ամերիկացի սենատորների խումբը հայտնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման վերաբերյալ թարմացված օրինագծի առաջմղման շուրջ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ համաձայնության գալու մասին:
Համատեղ հայտարարությամբ հանդես են եկել ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատական կուսակցությունները ներկայացնող սենատորներ Ջին Շահինը, Ռիչարդ Բլյումենթալը, Ռոջեր Ուիքերը և Լինդսի Գրեմը։
«Մենք համաձայնության ենք եկել Թրամփի վարչակազմի հետ՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մասին թարմացված օրինագծի առաջմղման շուրջ»,- ասված է հայտարարության մեջ։ Սենատորները նշել են նաև, որ ակնկալում են փաստաթուղթը ներկայացնել մոտ ժամանակներս։
Խոսքը մի օրինագծի մասին է, որը 2025 թվականի ապրիլին Սենատ էր ներկայացրել երկկուսակցական օրենսդիրների խումբը։ Դրա հիմնական հեղինակներն են դարձել Լինդսի Գրեմը և Ռիչարդ Բլյումենթալը։
Փաստաթուղթը նախատեսում է, մասնավորապես, երկրորդային պատժամիջոցների սահմանում Ռուսաստանի առևտրային գործընկերների նկատմամբ։ Առաջարկվող միջոցառումների թվում են 500%-ի չափով ներմուծման մաքսատուրքերն այն ապրանքների համար, որոնք ԱՄՆ են մատակարարվում ռուսական նավթ, գազ, ուրան և այլ արտադրանք գնող երկրներից։
Միա ժամանակ, սենատոր Ռենդ Փոլը ավելի վաղ զգուշացրել էր, որ նման օրինագծի ընդունումը կարող է ամենամեծ վնասը հասցնել հենց Միացյալ Նահանգներին՝ ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմավարական առումով։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հունվարին հայտարարել էր, որ վարչակազմն առանձին օրենքի ընդունումն ավելորդ է համարում, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն իսկ օժտված է պատժամիջոցներ կիրառելու համար անհրաժեշտ լիազորություններով։
News.am
