Ադրբեջանցիները մշակել են կոնցեպտ, թե ինչպես են վերադառնալու Հայաստան և ինչ իրավունքներ են ունենալու, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Այս ուղղությամբ հիմնական շարժը սկսել է 2023 թվականին։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարն այս պրոցեսի համակարգող է նշանակվել և գրեթե ամեն տարի վերադարձի ձևաչափով միջոցառումներ է անցկացնում։ Վերջին 4 ամիսն ամենաակտիվ ժամանակաշրջանն է դրա համար, որովհետև ամենաբարձր մակարդակով մի շարք հայտարարություններ են արվել»,-ասաց Նարեկ Կարապետյանը՝ ներկայացնելով փաստաթուղթ, որը կոչվում է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի վերադարձի կոնցեպտ»։
Նա հայտնեց, թե Սյունիքով ճանապարհ ստանալուց հետո ադրբեջանցիները կենտրոնացրել են ուժերը վերադարձի գաղափարի վրա։
«Ամենացավալին այն է, որ ընտրություններից 11 օր հետո դրված է մեծ ֆորում՝ ադրբեջանցիների վերադարձն Օրդուբադում, որը Մեղրիից 10 կմ է այն կողմ։ Նրանք երկարաժամկետ ծրագիր ունեն, որ վերադարձող ադրբեջանցիները պետք է ունենան անվտանգային ուժեր և մեր Սահմանադրությունը պետք է ադրբեջաներեն հասանելի լինի»,-ասաց Նարեկ Կարապետյանը։
Նա նշեց, թե իր հրապարակած տեղեկություններն ադրբեջանական պաշտոնական կայքերից են հանված և այն ներկայացված է ՄԱԿ-ում, Բրյուսելում, Միլի Մեջլիսում։
Aysor.am
