«Ազնիվ քվեարկություն» ընտրական դիտորդական առաքելությունը Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների հետ կապված 71 խախտում է արձանագրել։ Այս մասին մայիսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Երիտասարդական ակումբների դաշնություն» հասարակական կազմակերպության նախաձեռնած «Ազնիվ քվեարկություն» դիտորդական առաքելության ղեկավար Սոնյա Համբարձումյանը։
Դրանցից 16-ը, ինչպես նշել է ՀԿ-ի ղեկավարը, կապված են պաշտոնեական դիրքի չարաշահման, ինչպես նաև վարչական և պետական ռեսուրսների օգտագործման հետ։ «12 դեպք վերաբերում է ատելության քարոզչությանը, նվաստացմանը և քաղաքական անհանդուրժողականությանը։ 7 դեպք էլ առնչվում է ընտրական գործընթացներում երեխաների և անչափահասների ներգրավմանը», – հավելել է Համբարձումյանը։ Նրա խոսքով՝ այս բոլոր խախտումները հայտնաբերվել են միայն վերջին 7-8 օրվա ընթացքում։
Նա հավելեց, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավն իրականացնում է իր պաշտոնական էջի միջոցով, իսկ քարոզչական նյութերը փակցվում են քաղաքացիների սեփականություն հանդիսացող տարածքներում (առանց սեփականատերերի օրինական համաձայնության)։ «Մեզ հետ աշխատում են նաև իրավաբանական և փորձագիտական խմբեր, որոնց շնորհիվ մենք կարողանում ենք վերլուծել, թե որ դեպքերն ունեն ակնհայտ առերևույթ կապ ընտրական գործընթացի խախտումների հետ, և որոնք՝ ոչ», – նշել է իրավապաշտպանը։
Սոնյա Համբարձումյանն ընդգծել է, որ իրենց առաքելության նպատակն է անկախ ու անկողմնակալ դիտորդության միջոցով նպաստել ընտրական գործընթացների թափանցիկությանն ու հանրային վերահսկողությանը։ Նա հստակեցրել է, որ կազմակերպությունը պատրաստում է ներգրավել ինչպես երկարաժամկետ, այնպես էլ կարճաժամկետ դիտորդներ։
«Այս պահի դրությամբ ստացվել է երկարաժամկետ դիտորդության շուրջ 119 հայտ, որոնցից հաստատվել է 25-ը։ Սա նշանակում է, որ մեր առաքելության շրջանակում գործում է 25 երկարաժամկետ դիտորդ, ովքեր տարբեր ձևաչափերով մշտական մոնիտորինգ են իրականացնում՝ ընտրական գործընթացների արդարության և օրինականության սկզբունքներն ապահովելու նպատակով։ Ինչ վերաբերում է կարճաժամկետ դիտորդներին, ապա ստացվել է մոտ 110 հայտ, և դրանց ընդունումը դեռ շարունակվում է», – հայտնել է երիտասարդական հասարակական կազմակերպության ղեկավարը։
Նա հավելեց, որ իրենց մոտ գործում է թեժ գիծ՝ 010 58 87 68 հեռախոսահամարով, որի միջոցով առաքելությունն արձագանքում է քաղաքացիների ահազանգերին։ Համբարձումյանը նշել է նաև, որ կազմակերպության հետ կարելի է կապ հաստատել Telegram-ի և Facebook-ի էջերի միջոցով: Բացի այդ, առաքելությունը ներկայացրել է նորարարական հարթակ՝ ընտրությունների ընթացքում թույլ տրված խախտումներն արձանագրելու համար։
«Մեր կազմակերպությունը 2003 թվականից ի վեր իրականացնում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային դիտորդական առաքելություններ։ Այս տարի մենք նույնպես ստացել ենք առաքելություն իրականացնելու իրավունք», – իր հերթին նշել է ՀԿ մամուլի քարտուղար Աստղիկ Ավետիսյանը։
News.am
