Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց մի խումբ քաղաքացիներ հավաքվել են՝ ի պաշտպանություն «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի։
Նրանք «Ազատություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին» գրությամբ պաստառներով ու շապիկներով ակցիայի ժամանակ պնդում են, որ նրա դեմ հարուցված քրեական գործն ապօրինի է։
«Գործն ինքնին ապօրինի է, կալանքն էլ՝ անհամաչափ։ Մենք այստեղ ենք, որպեսզի սատարենք ու զորակցենք Ավետիքին, ցույց տանք մեր միասնությունը»,– ասաց Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանը։
Նրա խոսքով՝ Չալաբյանը դասական իմաստով քաղբանտարկյալ է, քանի որ կալանավորումը զուտ քաղաքական շարժառիթներով է։ Ադամյանը հիշեցրեց, որ տեսակցություններն արգելված են, և հունիսի 24-ից հետո այսօր առաջին անգամ է տեսնելու ամուսնուն։
Հիշեցնենք` ոստիկանության և քննչական մարմինների աշխատակիցները հունիսի 24-ի վաղ առավոտյան այցելել էին Ավետիք Չալաբյանի տուն։ Նույն օրը Չալաբյանը կալանավորվեց 2 ամսով։ Նրան ընտրողների ընտրական իրավունքը խոչընդոտելու նախապատրաստության մեղադրանք է առաջադրվել (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ):
Նշենք, որ այսօր Ավետիք Չալաբյանի գործով առաջին դատական նիստն է։ Քննվում է նաև նրա խափանման միջոցի հարցը։
Sputnik Արմենիա
