Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցն անվանափոխվեց Պապ թագավորի անվամբ։ Այս նախագիծը չզեկուցվող էր։ Նիստի ընթացքում Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը և «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը հայտարարեցին, որ դեմ են նախագծին և առաջարկեցին հարցը դարձնել զեկուցվող։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկը դրեց քվեարկության, սակայն առաջարկը չընդունվեց, և այն մնաց չզեկուցվող հարցերի հետ։
«Ուզում եմ առհասարակ վերհիշենք, թե ով էր Արսեն Ամիրյանը, և էստեղ դժվար կլինի վերհիշել, թե ով էր Արսեն Ամիրյանը, որովհետև այս դահլիճի 90 %–ը այդպես էլ չհասկացավ, թե էդ մարդն ով էր։ Էդ մարդու անունով Երևանի ամենակենտրոնական փողոցում մենք ունենք փողոց։ Ամենայն հարգանքով Ամիրյանների բոլոր սերունդների նկատմամբ, ես վստահ չեմ, որ այդ մարդն այդ արժանիքներն ունի, որ Երևանի հրապարակին կից փողոցն իր անունով անվանակոչված լինի»,–ասաց Ավինյանը։
Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելենք, որ չզեկուցվող հարցերի մեջ կային ևս մի քանի փողոցներ, որոնք կհավատափոխվեն. Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցը (որը զուգահեռ է Սիլիկյան 11-րդ փողոցին) կանվանակոչվի ի պատիվ մեծանուն մաթեմատիկոս, աստղագետ, պատմաբան և փիլիսոփա Անանիա Շիրակացու։ Սիլիկյան թաղամասի 3-րդ փողոցը կանվանակոչվի հայ միջնադարյան նշանավոր տաղերգու, բանաստեղծ Կոստանդին Երզնկացու անվամբ։ Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցը կանվանակոչվի հայ ճանաչված կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ Ավետ Տերտերյանի անվամբ։ Սիլիկյան թաղամասի 11-րդ փողոցը կանվանակոչվի հայ կոմպոզիտոր Գրիգոր Եղիազարյանի անվամբ։ Սիլիկյան թաղամասի 13-րդ փողոցը կանվանակոչվի հայ կոմպոզիտոր Էդուարդ Բաղդասարյանի անվամբ։
Հիշեցնենք` Արսեն Ամիրյանը հայ բոլշևիկ հեղափոխական էր, լրագրող, հրապարակախոս։ Ծնվել է 1881թ–ի նոյեմբերի 10–ին, Բաքվում։ Ամիրյանը եղել է Բաքվի 26 կոմիսարներից։ 1902–06թթ Ամիրյանը հարել է ՀՅԴ–ին։
Մեծ Հայքի արքա Պապը Արշակ 2-րդի և Փառանձեմի որդին էր: Նա Արշակունիների թագավորական տոհմի թվով 14-րդ գահակալն էր: Կառավել է ընդամենը 4 տարի` 370-374 թվականները:
Չնայած Պապի գահակալությունը սկսվել է միապետության, նախարարների և եկեղեցու հաշտեցմամբ, նրա հարաբերությունները եկեղեցու հետ շուտով վատթարացել են։ Ըստ որոշ աղբյուրների՝ Պապը թունավորել է տվել Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Ա-ին, թեև որոշ ուշ շրջանի պատմաբաններ կասկածի տակ են դնում այս վարկածը։
Sputnik Արմենիա
