«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ մի քանի անգամ է խոսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին նա ասաց 168.am կայքին տված հարցազրույցում` անդրադառնալով Արցախում մինչև Շուշիի հանձնումը պատերազմը կանգնեցնել փորձելու մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հնչեցված հայտարարությանը։
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2020թ–ին մի քանի անգամ հայտարարել էր, որ պատերազմի օրերին հայկական կողմին հրադադարի առաջարկ է արվել, ինչին, սակայն, Փաշինյանը չի համաձայնել։ Դա Պուտինն անհասկանալի էր համարել։
«Մի քանի անգամ ենք խոսել (Նիկոլ Փաշինյանի հետ – խմբ.)։ Եթե առաջին անգամ ինձ լսեր, մենք կկորցներինք 3 շրջան, ու պատերազմը կկանգներ Ֆիզուլիում (Վարանդա), բայց ինքը մեծամտաբար համարում էր, որ մենք հաղթում ենք։ Եթե ինձ լսեր, հաստատ չէինք կորցնի Շուշին»,– ասաց Կարապետյանը։
Նա չցանկացավ մանրամասների անդրադառնալ, բայց ընդգծեց` գուցե Փաշինյանին էլ են խաբել և հավատացրել, թե հայկական կողմը հաղթում է։ Կարապետյանի խոսքով` հետագայում արդեն Փաշինյանն ամբողջությամբ սխալ ճանապարհով է գնացել։
Հիշեցնենք` 2020թ–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում էր, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Դրանից հետո սկսվեց արցախցիների բռնի տեղահանությունը և Արցախն ամբողջովին հայաթափվեց։
Sputnik Արմենիա
