Սահմանադրական դատարանն ուներ պատմական հնարավորություն առաջին անգամ անվավեր ճանաչելու ընտրությունների արդյունքները, բայց իր որոշմամբ զրկեց քաղաքացիներին ռեալ պառլամենտարիզմ ունենալուց։ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։
Քիչ առաջ ՍԴ–ն հրապարակեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու վեճի վերաբերյալ որոշումը` հայտնելով, որ որոշել է ԿԸՀ որոշումը թողնել ուժի մեջ։
«Երբ քննարկում էինք գործընկերների հետ ու հարցին` հույս կա՞, ասացի` հույս կա, սակայն հավատ չկա։ Այս բողոքարկումը որակապես տարբերվում է մյուս բողոքարկումներից ոչ թե այն պատճառով, որ նախորդ բողոքարկողները վատ էին բողոքարկել, այլ քանի որ այս դեպքում մենք ունեինք ունիկալ մի իրավիճակ, երբ մանդատներ ստանալ կամ չստանալու հանգամանքը կախված է եղել բացառապես ԿԸՀ ընդունած որոշմամբ»,– ասաց Օրբելյանը։
Նա հավելեց` ցավոք, չեղավ այն, ինչ կարող էր լինել. Սահմանադրական դատարանը կարող էր վերահաստատել, որ ընտրություններին եղել են խախտումներ և այդպիսով բարձրացներ վստահությունը դատական համակարգի նկատմամբ։
«Որոշ ժամանակ հետո կպարզվի, թե ինչ հանգամանքներ են ազդել նմանատիպ որոշման կայացման վրա»,– ասաց ԲՀԿ ներկայացուցիչը։
Նա չպատասխանեց հարցին` արդյոք նկատի ունի քաղաքական հրահանգը։
«Ես հիմա ավել կարծիք չասեմ, սակայն ակնհայտ է, որ դատական նիստի շրջանակում ներկայացված ապացույցների, նյութերի ուսումնասիրությամբ ակնհայտ էր, որ պետք է առնվազն ԲՀԿ–ն ստանար մանդատները»,– ասաց Օրբելյանը։
Նա ընդգծեց, որ իրենց արձանագրած խախտումները տեղի են ունեցել բոլորի աչքի առաջ, ու ԿԸՀ–ն, տեղյակ լինելով, դիտավորյալ չի կանգնեցրել քվեարկությունը։
«ՀՀ բոլոր քաղաքական ուժերը պետք է պատրաստ լինեն, որ հետագայում ԿԸՀ–ն ցանկացած քանակի տեղամասեր ուղղակի անվավեր է ճանաչելու ինչ–որ հանգամանքների բերումով, քանի որ միշտ էլ լինելու են խախտումներ ու ազդելու են ընտրությունների արդյունքների վրա։ Մի քայլ էլ առաջ գնամ` ինչու է միայն երկու ընտրատեղամասի արդյունքները ԿԸՀ–ն անվավեր ճանաչել. իրականում հանձնաժողովը 30 տեղամասում անվավեր կճանաչեր, և, օրինակ, «Հայաստան» դաշինքն էլ չէր հաղթահարի 8 տոկոսի շեմը։ Մի պատճառ կար, որ հանձնաժողովը դա չարեց` Սահմանադրությունը երաշխավորում է երեք ուժի անցնելը ԱԺ»,– ասաց Օրբելյանը։
Ինչ վերաբերում է ԲՀԿ–ի հետ կապված հետագա քայլերին, ապա, նրա խոսքով, իրավական մի քանի գործընթաց կա, որոնք կքննարկեն, ու հետագա գործողությունները պարզ կլինեն։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ: Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։
Sputnik Արմենիա
