Логотип

Ավինյանը երաշխավորում է` Փաշինյանի հետ վիճած բժշկուհին աշխատանքից չի ազատվի

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը բացառում է, որ ՀՀ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ վեճի բռնված կնոջը` թիվ 16 պոլիկլինիկայի բժշկուհուն, կարող են աշխատանքից ազատել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արաբկիր համայնքում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ վեճի բռնված կնոջը` թիվ 16 պոլիկլինիկայի մանկաբարձ–գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Արփինե Սողոյանին, պոլիկլինիկայում առաջարկել են աշխատանքից ազատման դիմում գրել։

«Բացառվում է, որ որևէ մարդ իր քաղաքական հայացքների համար ազատվի աշխատանքից։ Մանավանդ որ, անկախ ամենին ինչից, խոսքը կնոջ մասին է, որը եղբորն է կորցրել և իր էմոցիան կարող է արտահայտել այսկերպ կամ այնկերպ», – News.am-ի հետ զրույցում Ավինյանը:

Միևնույն ժամանակ քաղաքապետը հայտարարեց, որ իրենք իրենց վիրավորողներին պատասխան են տալու, բայց դա նաև չի նշանակում, որ մարդը աշխատանքից ազատվելու է կամ նման վտանգ կա։

«Ես երաշխավորում եմ, որ նման բան հնարավոր չէ», – հայտարարեց Տիգրան Ավինյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանին մոտեցել էր մի կին, որը մեղադրում էր ՔՊ-ի վարչապետի թեկնածուին «ազգի մի ամբողջ երիտասարդ սերունդ ոչնչացնելու, իր հայրենիքը, հարազատ եղբորը գողանալու մեջ»:

Փաշինյանը հունից դուրս եկավ ու սկսեց խոսել դիմակավորված անձանց մասնակցությամբ տարածված տեսանյութի մասին, որտեղ իր հասցեին ենթադրյալ սպանության սպառնալիքներ են հնչեցնում:

Ավելի ուշ պարզվեց, որ Փաշինյանին մոտեցած կինը մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանն է`44-օրյա պատերազմում բռնի անհետացած փոխգնդապետ բժիշկ Հրանտ Պապիկյանի հարազատ քույրը:

ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։

Sputnik Արմենիա