Օրերս ավարտվել են երգահան, կոմպոզիտոր Արա Գևորգյանի «Վերածնունդ» տեսահոլովակի նկարահանումները։
Մասնակցել է 1000-ից ավելի դհոլահար։ Նկարահանումները տեղի են ունեցել Արարատ լեռան ֆոնին։
«Տեսահոլովակի գաղափարն առաջացավ Մանկավարժական համալսարանում, որտեղ սովորում էին դհոլահար երկվորյակ եղբայրներ, որոնցից մեկը մտավ քննության, հետո նորից մտավ։ Ես էլ զարմացած ասացի՝ Դուք նոր մտաք, ինքն էլ պատասխանեց, որ դա իր եղբայրն է եղել։ «Խնձորը երկու մասի» կիսված հին խոսքը հիշեցի, այնքան նման էին իրար։ Մտածեցի, որ մեր ժողովուրդն էլ բոլորը հայ են կոչվում, սակայն այսօր բաժանված են իրարից, ամենուր լցված է ատելության խոսք, իրար ներել, սիրել չկա։ Որոշեցի մշակույթի լեզվով մարդկանց հաշտեցնել», – տեսահոլովակի նկարահանման մանրամասներն Aysor.am-ին պատմեց Արա Գևորգյանը։
Նա նշեց, որ 2001 թվականից ունի խաղաղությանը միտված 4 նախագիծ. «Ստեղծել եմ երաժշտություն, որտեղ նվագում է 43 երաժիշտ՝ 14 երկրից, ունեմ երգ՝ «Սիրեցեք զմիմեանս», որը 8 լեզվով երգում են տարբեր ազգերի երգիչներ և քարոզում են խաղաղություն։ Ունեմ նախագիծ, որտեղ Կոմիտասի «Օրոր» ստեղծագործությունն է և կոչվում է «Մի կրակեք երեխաների վրա»։ Այս մի նախագիծն էլ վերաբերում է մեր ժողովրդին, որ բաժանվել ենք սևի ու սպիտակի, հիմա ուզում եմ սևին ու սպիտակին հաշտեցնել։ Ամբողջ նպատակը դա է»։
Հարցին՝ ինչո՞ւ Արարատի ֆոնին, արդյո՞ք չի վախենում իշխանական լծակներից, պրոպագանդայից, Գևորգյանը պատասխանեց. «Դա հատուկ չենք արել։ Հատուկ նախատեսված չի եղել։ Ուզում էինք անել Էրեբունի ամրոցի մոտ, հետո մեր օպերատորներն ու ռեժիսորները գտան հրաշալի մի վայր։ Նախապես պլանավորված էր Սովետաշենի ավտոշուկայի մոտ գտնվող դաշտում, սակայն այն փոքր էր 1000 դհոլ տեղավորելու համար։ Դրա համար որոշվեց տեղը փոխել, գտնվեց այդ ծաղկաշատ դաշտը, որտեղ մեր Արարատը, Արագածը, Արայի, Հատիսի լեռները երևում են, խանգարող բան չկա։ Ինչ էլ լինի՝ մեր Արարատն է։ Վախենալու մասին հարցն ինձ իզուր եք տալիս։ Ի՞նչ հանցանք եմ գործում, որ վախենամ»։

Հստակեցմանը, որ հիմա իշխանության կողմից արգելված է «Արարատ»-ի գործածումը՝ արվեստագետը նշեց. «Ինձ ոչ ոք չի արգելել։ Ես էլ անում եմ այն, ինչ ուզում եմ։ Անում եմ բարի գործ, որի տակ որևէ քաղաքական նպատակ գոյություն չունի։ Ես անում եմ մեր ազգին հաշտեցնելու նախագիծ։ Պետք է անընդմեջ ասել՝ սիրելի՛ ժողովուրդ, եկեք իրար չատենք, եկեք իրար հանդուրժենք, իրար սխալները ներենք, քանի որ անսխալական մարդ գոյություն չունի։ Ինչու ես որևէ կուսակցության անդամ չեմ, որևէ կուսակցությանը չեմ հարում, քանի որ թողեք ես էլ մնամ, վերջում սեղան գցեմ, որ բոլորը բարիշեն։ Մի քիչ կոպիտ ու հումորով է հնչում, բայց էդպես չի կարելի կիսվել ու իրար հետ կռվել։ Մենք մի ազգ ենք, մի սփյուռք ու մի հայրենիք ունենք։ Իմ նպատակն է մեր ժողովրդին հաշտության կոչ անել։ Կստացվի, թե՝ ոչ․ չեմ կարող ասել»։
Գևորգյանը, անդրադառնալով դհոլահարներին՝ ասաց, որ հրավիրել են 1000-ի, սակայն եկել է 1400-ից ավելի դհոլահար. «Նրանք եկել են հանրապետության տարբեր մարզերից, տարբեր դպրոցներից։ Տարիքային սահմանափակում էլ չունեինք։ Ես համագործակցում էի նաև «Հազար վահան» կոչվող նախագծի հետ, որը սահմանամերձ գյուղերում զարգացնում է մշակույթը։ 1000 դհոլին միացրեցին սահմաններից եկած հարյուրավոր պարային խմբերի, համույթների։ Մեր նպատակն էր, որ 1000 դհոլով գրենք «Սեր» բառը, դա կարողացանք անել։ Էրեբունի ամրոցի մոտ հաստատ հնարավոր չէր լինի անել։ Իսկ պարային համույթներն էլ այս «Սեր» բառի շուրջը սկսեցին պարել»։

Տեղում երգել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը՝ Ռուբեն Կարասեֆերյանի ղեկավարությամբ։
Գլխավոր դերում նկարահանվել է հայտնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը։
Տեսահոլովակի ռեժիսորն է Վահե Յանը։
Արա Գևորգյանը շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, ովքեր այս ընթացքում ամեն ինչով իր կողքին կանգնած են եղել և օգնել են կյանքի կոչել տեսահոլովակի նկարահանման գաղափարը։
Հարցին՝ ԿԳՄՍ նախարարությունը որևէ կերպ աջակցե՞լ է՝ նախագծի հեղինակը պատասխանեց. «Ես որևէ մեկին չեմ դիմել, այս տեսակ նախագծի համար, կարծում եմ, ում էլ դիմեի՝ կցանկանար աջակցել։ Այն բարի նախագիծ է։ Սակայն ես սովորություն չունեմ դռներ ծեծելու»։
Գևորգյանն ավելացրեց, որ նախագիծն ընդգրկվել է «Գինեսի» ռեկորդների գրքում։
Դուսյա ՂԱԶԱՐՅԱՆ, Aysor.am
