Логотип

ԲԱՆԱՎԵՃ Հ1-ՈՒՄ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱԼԱԳԱՆ ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում հունիսի 1-ին տեղի ունեցած նախընտրական առաջին բանավեճը հերթական անգամ ցույց տվեց քաղաքական մշակույթի խոր ճգնաժամը՝ փոխարկվելով փոխադարձ բղավոցի և ագրեսիվ հարձակումների:

Երկիրը ճգնաժամից դուրս բերելու ծրագրերի և ուղիների բովանդակալից քննարկման փոխարեն՝ հեռուստադիտողը բախվեց երկխոսության մշակույթի իսպառ բացակայության։ Ընդ որում այդ ապակառուցողական բանավեճի ընթացքը թելադրում էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու իշխանամետ գաճաճ արբանյակ կուսակցությունների ներկայացուցիչները։

ՍԻՄՈՆՅԱՆԸ, ԻՐ ԸՆԴԴԻՄԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ ԿՇՌԱԴԱՏՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ, ՇԱՐՈՒՆԱԿ ԱՆՑՆՈՒՄ ԷՐ ԲՂԱՎՈՑԻ ՈՒ ԼԵԶՎԱԿՌՎԻ։ Անվտանգության և տարածքային զիջումների սուր հարցերը բարձրացնելու ընդդիմության փորձերն անմիջապես խլացվում էին ագրեսիվ հարձակումներով։ Հիշենք թեկուզ նրա բորբոքված պոռթկումը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արման Աբովյանի դեմ։ Տարրական ճշմարտություն է. եթե մարդը վստահ է իր դիրքորոշման իրավացիության մեջ, նա երբեք այդքան նյարդայնացած և հիստերիկ չի լինի տեսախցիկների առջև: Եվ բացի այդ։ Պետության երկրորդ պաշտոնը զբաղեցնող մարդն ապրիորի իրավունք չունի ճղավել տեսախցիկների առջև և նվաստանալ անձնական վիրավորանքներ տեղալու աստիճան։ Նման անզսպությունը ոչ միայն պարզապես թուլության նշան է, այլև բուն պետական իշխանության ինստիտուտի անմիջական վարկաբեկում։ Թեպետ, զարմանալի ոչինչ չկա. Սիմոնյանն ընդամենը կրկնօրինակում է իր շեֆի՝ Նիկոլ Փաշինյանի ոճը, որը հրապարակային հիստերիաների, սպառնալիքների և փողոցային ճարտասանության առումով վաղուց գերազանցել է բացարձակապես բոլորին հայաստանյան քաղաքական դաշտում։

Բանավեճի ամենացուցանշական պահերից մեկը ԱԺ նախագահի առճակատ բախումն էր «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Աննա Գրիգորյանի հետ: Գրիգորյանը ուղիղ հարց տվեց Սիմոնյանին Գորիս-Կապան միջպետական ճանապարհի ռազմավարական կարևոր հատվածների հանձնման պատճառների և իրավական հիմքերի մասին։ Բացառապես փաստերով ու անսասան տրամաբանությամբ առաջնորդվող Աննա Գրիգորյանի կշռադատված, բանիմաց և անթերի փաստարկավորված խոսքի խորապատկերին ԱԺ նախագահը բացարձակ անօգնական ու անհամոզիչ տեսք ուներ. նկատելիորեն նյարդայնանում էր, խուսափում ուղիղ պատասխաններից ու փորձում փոխել թեման: Ընդդիմության կոնկրետ մեղադրանքներին փաստարկված հակադարձելու նրա անկարողությունը վկայում է այն մասին, որ գործող իշխանությունն ըմբռնելի արդարացումներ չունի իր կապիտուլյանտ քաղաքականության համար։

Այդ առումով աչքի ընկան նաև կառավարությանը հարող մանր քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ տանելով բանավեճը անձնական վիրավորանքների ուղղությամբ։ Առանձնահատուկ կարելի է հիշատակել Ռուբեն Մեհրաբյանին՝ տխրահռչակ Արման Բաբաջանյանը գլխավորած «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահին։ Մեհրաբյանն իրեն ներկայացնում է իբրև անկախ քաղաքագետ և փորձագետ։ Մինչդեռ բանավեճում նրա ելույթները վերածվեցին բացահայտ քաղաքական զավեշտի։ Ինչ հարցի էլ որ վերաբերեր խոսքը. սոցիալական բարեփոխումների, տնտեսության, ներքին խնդիրների և այլն, «փորձագետը» ցանկացած թեմա նախանձելի համառությամբ հանգեցնում էր Վլադիմիր Պուտինի անձին և Մոսկվայի քննադատությանը։ Նման սևեռվածությունը հիրավի շատ անեկդոտային է դիտվում։ Ի՞նչ է թաքնված այս պաթոլոգիական, մոլի ռուսատյացության հետևում։ Խորապես անձնական ոխ և անհաջող կենսափո՞րձ: Հավատարմություն «սորոսական դպրոցի» կաղապարների՞ն, որի անքակտելի պարագան հակառուսական հռետորաբանությունն է։ Ինչպիսին էլ որ լինեն իրական դրդապատճառները, քաղաքական բանավեճի շրջանակներում անձնական ֆոբիաների այդպիսի ցուցադրումը իսկապես զավեշտալի էր դիտվում:

Կցանկանայի մի քանի բառով անդրադառնալ նաև «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անի Խաչատրյանին։ Քաղաքական ուժի, որը հայտնի է իր արմատական հակառուսական ուղղվածությամբ, ինչպեսև վերոհիշյալ կուսակցությունը։ Խաչատրյանը լայն հանրությանը հայտնի է Երևանի ավագանու նիստերում իր սկանդալային ելույթներով։ Ահավասիկ Հ1-ի եթերում էլ նա ցուցադրեց բանավիճելու իր ֆիրմային ոճը. ինտելեկտուալ վիճաբանության և կուսակցական գաղափարների ներկայացման փոխարեն՝ խլացնելով ընդդիմախոսների խոսքը ճիչերով և անձնական վիրավորանքներով։

Բանավեճի անցած փուլը հստակ ցույց տվեց, որ իշխող վերնաշերտը և նրա պրոքսի-կուսակցությունները պատրաստ չեն կարծիքների քաղաքակիրթ փոխանակման։ Հարկատուների գրպանից ֆինանսավորվող Հանրային հեռուստատեսությունը հունիսի 1-ի երեկոյան վերածվեց քաղաքական բալագանի և ագրեսիվ բառապաշարի հարթակի: Իսկ հայ ընտրողը հերթական անգամ մնաց առանց հիմնական հարցերի հստակ պատասխանների. ինչպես պաշտպանել սահմանները, զարգացնել տնտեսությունը և վերադարձնել երկրի կայունությունը։