Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր քննել է հայ բանտարկյալների, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության բողոքները։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ «դատական նիստերի» արձանագրությունների վերաբերյալ դիտողությունները դատարան են ներկայացվել Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի անունից։
«Դատական կոլեգիան» որոշել է դրանք ներառել «գործի» նյութերում։
Իշխանյանը կրկին նշել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում։
Այնուհետև դատարանում ելույթ է ունեցել Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի փաստաբանը։ Նա հայտարարել է, որ իր պաշտպանյալի վերաքննիչ բողոքը լիովին հիմնավորված է։ Նա խնդրել է դատարանին չեղյալ հայտարարել դատավճիռը և արդարացնել Բաբայանին։
Հաջորդ «դատական նիստը» նշանակված է հուլիսի 7-ին։
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:
Sputnik Արմենիա
