Логотип

«ԳԱՂԱՓԱՐՈՎ» ՌԵԿԵՏ

8 տարվա ընթացքում հանրային տիրույթում չի հրապարակվել ոչ մի դեպք, որը կվկայեր, թե երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկը (Ալեքսանդր Սարգսյան) «50-50» սկզբունքով բաժնեմաս է ունեցել երկրի բոլոր խոշոր բիզնեսներում: Այդ կարգախոսով Փաշինյանը եկավ իշխանության, սակայն նրա վարչապետության արդեն արշալույսին հերքվեցին այն ասեկոսեները, թե Սաշիկին են պատկանում արագաչափերը։ Այնուհետ հաջորդեց հերքումը ոսկու հանքից արդյունահանման ծավալների վերաբերյալ։ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից, հղում անելով «օդում կախված լուրերին», հայտարարեց, թե այդ հանքերից մեկի պարունակության մի մասը, իբր, մասամբ տարել են Սաշիկի համար: Այդ ելույթից հետո հրապարակումներ եղան այն մասին, որ Փաշինյանի իշխանության գալուց հետո հիշյալ հանքից արդյունահանման ծավալները չեն փոխվել, և եթե նա պնդում է, թե ինչ-որ բան ձախ են տարել, ապա թող հետաքրքրվի, թե իր վարչապետության շրջանում ուր է անհետանում ոսկու հանքաքարի այդ իբր չհաշվարկված մասը։

8 ՏԱՐԻ ԱՆՑ ՀԱՅ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆ ԱԿԱՆԱՏԵՍ ԵՂԱՎ, թե ինչպես Սաշիկի «50-50»-ի մասին առասպելը վերածվեց իրականության, որում Փաշինյանը «100-100» սկզբունքով բռնագրավեց խոշոր բիզնեսները։ Սկսեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» բաժնետոմսերից։ Կոմբինատի սեփականատերը ստիպված էր 23,8% բաժնեմաս նվիրել Փաշինյանի կառավարությանը։ Նույն պատմությունը կրկնվեց «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի պարագայում։

Կոմբինատում կառավարության ներկայացուցչի նշանակումից հետո ԶԼՄ-ները միաձայն սկսեցին խոսել նրա անձնական բարեկեցության կտրուկ աճի մասին։ Նարեկ Բաբայանը կոմբինատի կոմերցիոն վարչության մատակարարման բաժնի պետ նշանակեց իր ընկերոջը՝ Սերգո Գալստյանին: Բաբայանի մյուս ընկերը կոմբինատի տարածքում հողագործական աշխատանքներ էր կատարում իր «Աննար» ընկերության հետ կնքված պայմանագրի հիման վրա: Բաբայանը չեղարկեց նախկին պայմանագրերը և որոշ ոլորտներ, այդ թվում՝ տրանսպորտային փոխադրումները, հանձնարարեց իր ծանոթ-բարեկամների ընկերություններին։ Հետո Բաբայանի ու իր կադրերի նկատմամբ հալածանքներ սկսվեցին, լուրեր տարածվեցին կառավարության լիազոր ներկայացուցչի դերում Փաշինյանի վստահյալ անձի չարաշահումների մասին…

Ավելի ուշ հայտնվեց ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենքը. իշխող վերնաշերտի պարագլուխը հասկացավ, որ բաժնետոմսերի կեսի փոխարեն կարելի է խլել միանգամից ամբողջ ձեռնարկությունը։ Այդպես եղավ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի հետ, որոնք Սամվել Կարապետյանի սեփականությունն էին, թեև ի սկզբանե խոսքը պաշտոնական առումով, իբր, լոկ ժամանակավոր կառավարման մասին էր։ Այժմ Գագիկ Ծառուկյանից բռնագրավում են «Արարատ ցեմենտը», որն օրերս նույնպես պաշտոնապես փոխադրվեց կառավարության ենթակայության տակ։ Ալեք Մանուկյան 11 հասցեում գտնվող և Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի Ուելնես» մարզաառողջարարական համալիրից արդեն դուրս են բերվել բոլոր սարքավորումները: Դե յուրե գործը ներկայացրեցին այնպես, իբր՝ Երևանի քաղաքապետարանը չեղարկել է տարածքի վարձակալության պայմանագիրը, որը կնքված էր մինչև 2065 թվական:

Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները շատերը բնութագրում են որպես պետության անունով ռեկետի մոդել, թեև խոսքը այն քաղաքացիների առողջությանը և ժամանցին վնաս հասցնելու մասին, որոնք համաշխարհային չափանիշներով սարքավորված «Մուլտի Ուելնես» և «Օլիմպավան» համալիրներում պահպանում էին առողջ ապրելակերպն ու կանոնավոր մարզվում: Իրականում պետությունը «Մուլտի Ուելնես»-ի հետ պայմանագրի միակողմանի ընդհատումից և «Օլիմպավանի» երկարատև պարապուրդից ոչինչ չշահեց: Հակառակը, քաղաքացիներին վնաս հասցվեց։ Այդ կերպ կուլակաթափ էին անում միայն բոլշևիկները։ Խորհրդարանական ընտրություններից հետո հայրենի տնտեսությանը հասցված վնասն արդեն միլիոնների հասել։ Հունիսի 7-ին ՔՊ-ի օգտին քվեարկածների թվում անկասկած եղել են նաև այն երեխաների ծնողներից, որոնց զրկեցին մարզվելու հնարավորությունից…

ՈՄԱՆՔ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ, ԿԱՌՈՒՑՈՒՄ ՈՒ ՇԵՆԱՑՆՈՒՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, մյուսները՝ տարածքներ հանձնում, խլում ու քանդում այն, ինչը կառուցել են ուրիշները։ Սա ապօրինի ձեռք բերված գույքի բռնագրավում չէ՛ պետության անունից, գերիշխող հանրային շահի ճանաչում չէ՛, սա նույնիսկ պետության անունից ռեկետ չէ՛, քանզի պետությունը վնաս է կրել, ոչինչ չի շահել։ Ծառուկյանի բիզնեսների բռնագրավումը չի բխում պետության և հասարակության շահերից։ Այս համատեքստում անհնար է խոսել ո՛չ կարճաժամկետ հեռանկարի, ո՛չ էլ երկարաժամկետ շահերի մասին։

Սա ռեկետ է մեկ անձի անունից, ռեկետ՝ նրա քմահաճույքով և կամակորությամբ, որի զոհը դարձան հազարավոր մեծահասակներ ու երեխաներ։ Մեծահասակները զրկվեցին աշխատանքից, իսկ երեխաները՝ մարզումները շարունակելու հնարավորությունից։ Ոմանք մարզասրահների հասանելիությունից զրկվեցին միջազգային մրցումների նախաշեմին, որոնց արդյունքում մեդալներ էին ակնկալում և երազում բարձրացնել Հայաստանի Հանրապետության պետական դրոշը հաղթողների պատվանդանի վերևում…

Օրենքի անունով ֆինանսական միջոցների, հողամասերի և անշարժ գույքի բռնագրավումից չշահեցին ո՛չ ժողովուրդը, ո՛չ պետությունը։ Նախկին տերերին փոխարինելու եկան կյանքի նոր տերեր՝ ՔՊ-ի կուստոմսերով։ Նրանք բնակություն հաստատեցին նախկին բարձրաստիճան պաշտոնյաների շքեղ առանձնատներում, տիրացան նրանց ձեռնարկություններին, հյուրանոցային համալիրներին, զբոսաշրջային բազաներին, ռեստորաններին։ Ակներև է դասական վերաբաշխումը, երբ իշխանություն ճանկածները կիսում են դա՝ իրար ձեռքից խլխլելով ամենահամեղ պատառները…

Պետության ի՞նչ շահի և արդարության վերականգնման մասին կարող է լինել խոսքը, երբ Փաշինյանի կառավարությունն ամեն ջանք գործադրում է 2019 թվականին ստեղծված «ԱՆԻՖ» հիմնադրամի (հայերեն հապավումը՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ») 2021 թվականի մարտի 14-ի լուծարման պատճառները կոծկելու համար։ Իշխող վերնաշերտն այն անվանում էր ոչ այլ կերպ, քան ներդրումների լոկոմոտիվ։ Ընդհանուր հաշվարկով՝ հիմնադրամը պետությունից ստացել է շուրջ 25 մլրդ դրամ (մոտավորապես 60-64 մլն ԱՄՆ դոլար): Միայն 2023թ. դեկտեմբերին հիմնադրամը պետությունից ստացել է 1 մլրդ 800 մլն դրամ, նույնքան գումար էլ վարչապետի աշխատակազմը հատկացրել է 2022 թվականին՝ հայրենի ավիափոխադրող «Ֆլայ Արնա» ծրագրի իրականացման համար, ավելի ուշ ընկերությունը սնանկ ճանաչվեց։

Ինչ լուրեր ու վարկածներ ասես, որ չեն հնչել այս տարիների ընթացքում ամենատարբեր հարթակներից, ինչ հրապարակումներ ասես, որ չեն եղել լրատվամիջոցներում՝ հիմնադրամի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի վերաբերյալ, ինչ բացահայտումներով ասես, որ հանդես չի եկել ընդդիմությունը, այդ թվում՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, որը բացահայտ հայտարարեց հիմնադրամի միջոցների փոշիացման և կոռուպցիոն ռիսկերի մասին։ Ընդդիմությունը խորհրդարանի ամբիոնից նշում էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անունը, լրատվամիջոցները իրար հերթ չտալով հրապարակում էին վարկածներ, թե ուր են անհետացել հիմնադրամի միլիոնները, և արդյունքում՝ ոչինչ. Փափազյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվում, իսկ հիմնադրամի խորհրդի նախագահ Ավինյանը շարունակում է վայելել իշխանությունը մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնում: Լրատվամիջոցներն արդեն 2 տարի շարունակ փորձում են գուշակել, թե ուր կարող էր անհետանալ 60-64 մլն դոլարը։

ԵԹԵ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԻՐԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԻԲՐև ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ԱՆՀԱՇՏ ՊԱՅՔԱՐՈՂ ՄԱՐՏԻԿ, ապա առաջին հերթին պիտի բացահայտեր կոռուպցիան իր քթի տակ՝ կառավարության հիմնադրամում։ Բայց նա գերադասում է խորհրդարանի ամբիոնից խոսել ընդդիմության ընտրական շտաբներում կոռուպցիայի մասին, որը «բացահայտվել է» բացառապես որպես հեռախոսազրույցների հետևանք, օրինակ՝ նոր տաբատ գնելու մասին։ Այդ տաբատին, հիշեցնեմ, Փաշինյանը մի ամբողջ մենախոսություն նվիրեց երկրի գլխավոր ամբիոնից։ «ԱՆԻՖ »-ի միլիոնների ոչ նպատակային օգտագործման մասին հայտնի է բնավ ոչ մոնտաժված հեռախոսազրույցներից, խոսքը իրական փաստերի և կոնկրետ գումարների մասին է, որոնք չեն օգտագործվել ի շահ պետության, բայց դրա համար ոչ ոք չի դատապարտվել:

Ստացվում է, որ Փաշինյանը քողարկվում է պետության շահերով, երբ դա իրեն ձեռնտու է, և մոռանում դրանց մասին, երբ դա բխում է իր անձնական շահերից։ Ինչպեսև կանխատեսվում էր, հունիսի 7-ից հետո գործընթացներն արագացվել են։ Փաշինյանը շտապում է կատարել Ալիևի պայմանները, իսկ դրա համար պետք է նախապես կոտրել դիմադրությունը։ Շատերին զարմացրեց այն համերաշխությունը, որով ի պաշտպանություն միլիարդատեր Ծառուկյանի հանդես եկան մի շարք երկրների կոմկուսներ, մինչդեռ բանն այն է, որ այդ կուսակցությունները դեռևս հիշում են, որ պարտավոր են պաշտպանել բանվոր դասակարգի շահերը, իսկ Հայաստանում բանվոր դասակարգ ասելիս մինչև վերջերս նկատի էին առնում նաև նրանց, ովքեր աշխատում էին Ծառուկյանի ձեռնարկություններում։ Հիմա դա Փաշինյանի կամքով գործազուրկների դասակարգ է, իսկ դա բնավ չի բխում պետության և նրա քաղաքացիների շահերից։

Փաստաբանների հրապարակած փաստաթղթերը, որոնք ստացվել են Իրանի պաշտոնական աղբյուրներից, ընդհանրապես զրոյացնում են Ծառուկյանի կալանավորման հիմքերը։ Փաստաթղթերից հետևում է, որ այս գործում Ծառուկյանն ու «Մուլտի գրուպ կոնցեռնը» տուժողներ են, դե, իսկ պետության շահերը շրջանցող ռեկետը, ինչպես հայտնի է, «գաղափարով» ռեկետ է։