Логотип

«Գազպրոմին» է պետք հարցնել. Պեսկովը` Հայաստանի հետ գազի վերաբերյալ համաձայնագրի մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի հետ գազի վերաբերյալ համաձայնագրի հնարավոր չեղարկման հարցը հասցեագրել է «Գազպրոմ» ընկերությանը։

«Դա պետք է «Գազպրոմին» հարցնեք, ինձ չեղարկման մասին ոչինչ հայտնի չէ։ Այնտեղ արտոնյալ գին կա, կարող է ավելի բարձր կամ ցածր լինել, և այն կարող է վերանայվել, ու կորպորացիաները կարող են բարձրացնել այդ հարցը։ Դա կորպորատիվ հարց է, պետք է դիմել «Գազպրոմին»», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե իսկապես քննարկվում է Հայաստան արտոնյալ գներով գազ մատակարարելու մասին համաձայնագիրը չեղարկելու հնարավորությունը։

Ավելի վաղ «Կոմերսանտը» գրել էր, որ ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը նամակ է հղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը` նախազգուշացնելով գազի համաձայնագրի միակողմանի խզման հնարավորության մասին։ Նշվում էր, որ նամակում ասված է` ՌԴ–ն կարող է միակողմանի կասեցնել կամ չեղյալ հայտարարել Հայաստան բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարման մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 2013 թվականի դեկտեմբերին, եթե պաշտոնական Երևանը շարունակի ԵՄ–ին անդամակցելու գործընթացը:

ՀՀ ՏԿԵՆ–ը այսօր հայտարարեց, որ Հայաստանը ՌԴ-ից վառելիքի և չմշակված ադամանդի մատակարարումների համաձայնագրի չեղարկման սպառնալիքով որևէ նամակ, գրություն չի ստացել։

Sputnik Արմենիա