ՀՀ վարչական դատարանը մերժել է «Տաշիր Կապիտալ» ընկերության հայցն ընդդեմ կառավարության՝ հրաժարվելով այն վարույթ ընդունել։ Ընկերությունը բողոքարկել է դատարանի այս որոշումը, Armenia Today-ին հայտնել է «Տաշիր Կապիտալ»-ի ներկայացուցիչ Վարդան Ալոյանը:
Հուլիսի 1-ին ընկերությունների խումբը դատարան էր դիմել՝ պահանջելով որպես հայցի ապահովման բացառիկ միջոց ճանաչել ՀԷՑ-ի 70% բաժնեմասի օտարման իրավահարաբերության բացակայությունը, որը դատարանը մերժել էր վարույթ ընդունել։
Ըստ Ալոյանի՝ դատարանը պատճառաբանել է, թե հարցը ենթակա չէ դատական քննության, ինչն իրենց գնահատմամբ՝ սխալ որոշում է։
«Դատարանը հայցը վարույթ չի ընդունել՝ նշելով, որ այս հարցը դատարանի քննության ենթակա չէ։ Բայց այդպիսի բան լինել չի կարող, սխալ որոշում է կայացվել»,- պարզաբանել է նա։
Փաստաբանական խմբի ներկայացուցիչ Արամ Օրբելյանն, իր հերթին, Armenia Today-ին տեղեկացրել է, որ բացի մերժումը բողոքարկելուց՝ մի շարք դատավարական գործողություններ են կատարում։
«Դրանց մասին դատավարական ռազմավարությունից ելնելով կխոսեմ 2 օր անց»,- նշել է Օրբելյանը։
Կառավարությունը դատական գործընթացի մեջ է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (ՀԷՑ) ընկերության հետ այն վերահսկողության տակ վերցնելու նպատակով։
Չնայած Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը Կարապետյանների ընտանիքի հայցից հետո կառավարությանը պարտավորեցրել էր ձեռնպահ մնալ բռնագրավման քայլերից՝ ՀԾԿՀ-ն ավելի ուշ դադարեցրել էր ՀԷՑ-ի լիցենզիան։
Մայիսին ՀՀ վարչական դատարանն արգելել էր իշխանություններին գործողություններ ձեռնարկել ընկերության շուրջ, մասնավորապես՝ օտարել այն։ Այս ընթացքում իշխանությունները ՀԷՑ-ը գնահատել էին շուրջ 380 000 դոլար և համապատասխան առաջարկ արել Կարապետյանների ընտանիքին, սակայն՝ մերժվել։ Ժամկետը լրանալուց հետո կառավարությունը նախաձեռնել էր ընկերությունը որպես գերակա հանրային շահ ճանաչելու գործընթաց և ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրության գերակա շահ ճանաչելու մասին նախագիծ էր հրապարակվել։
