Логотип

ԵԽ-ն կիպրացի կանանց ճանաչել է 1974 թվականի թուրքական ներխուժման ընթացքում իրականացված հանցագործությունների զոհ

Եվրոպական խորհրդարանն առաջին անգամ 1974 թվականին Կիպրոս թուրքական ներխուժման ժամանակ հանցագործությունների զոհ դարձած կիպրացի կանանց ճանաչել է որպես ռազմական գործողություններից տուժածներ:

Համապատասխան բանաձևը պատգամավորներն ընդունել են 575 «կողմ» և 33 «դեմ» ձայներով։ Փաստաթուղթը պատրաստվել է «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունից հույն պատգամավոր Էլեոնորա Մելետիի զեկույցի հիման վրա։

Բանաձևում դատապարտվում են թուրքական ռազմական միջամտությունը և Կիպրոսի տարածքի մի մասի շարունակվող օկուպացումը։ Եվրախորհրդարանը միաժամանակ ճանաչել է սեռական բռնությունը որպես պատերազմի գործիք և կոչ է արել ապահովել զոհերի իրավունքների վերականգնումը, փոխհատուցումների վճարումն ու տուժածների աջակցությունը, ինչպես նաև մեղավորներին պատասխանատվության ենթարկել միջազգային իրավունքին համապատասխան։

Ելույթ ունենալով Ստրասբուրգում՝ Մելետին պատմել է այն կանանց վկայությունների մասին, որոնց հետ Եվրախորհրդարանի Կանանց իրավունքների և գենդերային հավասարության կոմիտեի (FEMM) ներկայացուցիչները հանդիպել են Կիպրոս կատարած այցի ընթացքում: Նա հավելել է, որ բռնության հետևանքները նրանց համար շարունակվում են խարանի, մեկուսացման, մարգինալացման և մենակության տեսքով։

Բանաձևի կողմնակիցները քվեարկությունն անվանել են կիպրացի կանանց տառապանքների քաղաքական և բարոյական ճանաչում։

Անկարան, իր հերթին, խստորեն դատապարտել է փաստաթուղթը։ Թուրքիայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ բանաձևը պարունակում է «անհիմն ու աբսուրդ մեղադրանքներ» թուրքական զինված ուժերի հասցեին և «անվավեր» է։

Թուրքական արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է նաև, որ պաշտպանում է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ԱԳՆ դիրքորոշումը, որը բանաձևն անվանել է կիպրական հարցում Եվրամիության «կողմնակալ և խեղաթյուրված մոտեցման» օրինակ։ Անկարայի կարծիքով՝ ԵՄ կառույցներն այս թեման դիտարկելիս ավելի ու ավելի են հեռանում «պատմական իրողություններից և անկողմնակալության սկզբունքից»։

News.am